Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակը պայմանավորվել էր միասին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ. Ռ. Հակոբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eryak1

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր մի գաղտնիք է բացել Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան վերջին հանդիպումներից։ «Մենք պայմանավորվածություն ունեինք, որ եթե Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պետք է լինի, որտեղ պետք է քննարկվեն այս գործընթացները, քաղաքական գործընթացները, որոնք ծավալվում են երեք քաղաքական ուժերի ղեկավարությամբ, անպայման այդ հանդիպմանը պետք է մասնակցեն երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,- ասում է նա։ Գագիկ Ծառուկյանի, Ռուբեն Հակոբյանի ենթադրությամբ, եռյակի մյուս ուժերին Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին տեղյակ չի պահել, որովհետեւ բռնություններ են կիրառվել. «Բարգավաճականների ոստիկանություն տանելը, ես տեղյակ եմ, որ նույնիսկ Բալահովիտ գյուղը տեռորի է ենթարկվել, այդ գյուղում հիմնականում մարդիկ աշխատում են Գագիկ Ծառուկյանի համապատասխան կառույցներում»։ Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց պայքարից՝ հայտարարելով, որ այլընտրանքը արյունահեղությունն է։ ՀՀԿ-ն գլխի էլ չընկավ, որ ցուցմունք տվեց. «Ցուցմունքը հետեւյալն է, որ մենք արյունահեղություն ենք անելու, եթե դուք հավաքվեք Ազատության հրապարակում»։ Ընդդիմությունը զենքով չէր գնալու հրապարակ, հետեւաբար արյուն թափողը իշխանությունն էր։ Ռուբեն Հակոբյանը չի կարծում, որ իշխանությունը կգնար նման ռիսկի, դա ուղղակի հոգեբանական գրոհ էր Ծառուկյանի հանդեպ. «Մարտի 1-ից հետո չեմ կարծում, որ որեւէ իշխանություն իրան թույլ կտա արյունահեղություն»։ Հանրապետական Հերմինե Նաղդալյանը Ռուբեն Հակոբյանի նկատած ցուցմունքի մասին ոչինչ ասել չի կարող։ Չգիտի, թե ինչը նկատի ունի ընդդիմադիր պատգամավորը ցուցմունք ասելով. «Ինչու՞ եք երկրորդ մարդուն խնդրում երրորդ, չորրորդ մարդկանց ասածները մեկնաբանել»։ Հերմինե Նաղդալյանը շահագրգռված է ունենալ կազմակերպված ընդդիմություն, որը հանուն է եւ ոչ թե ընդդեմ, հանրապետականը անհանգստացած է ընդդիմադիր բեւեռի այսօրվա վիճակով։ Բայց ներողություն, տիկին Նաղդալյան, էդ ընդդիմությանն անմիջապես սպառնում են արյունահեղությամբ, ինքը ո՞նց կազմակերպվի։ -Ըտենց բաներ չի եղել, որեւէ մեկը չի լսել ըտենց խոսքեր,- ասում է տկն Նաղդալյանը։ -Ծառուկյանն է ասել։ -Էդ մեկնաբանությամբ Ծառուկյանին դիմեք, բայց ինչ վերաբերում է Հանրապետականը երբեւիցե որեւէ արյունահեղության կամ նման տերմին, տերմինաբանություն չի օգտագործել։ -Բնականաբար, դա հրապարակային չեն անում։ -Այսինքն՝ ինչ Ծառուկյանն ասել է մի բան, որը որ հրապարակային չեն անում...։