Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բուհերից միայն մեկն է մատչելի հաշմանդամություն ունեցողների համար»

Հասարակություն
c08f33fb1d6e04762364759296efcda4

Հաշմանդամություն ունեցող ուսանողները ներկայում կազմում են հայաստանյան բուհերի 0,5, դասախոսները` 0,7 տոկոսը: «Մասնագետները քիչ են և հաճախ չեն համապատասխանում մասնագիտական պահանջներին»,-շեշտել է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Բացի այդ, նրա խոսքով`կրթական հաստատությունների ոչ միայն շենքային պայմաններն, այլև ուսումնական ծրագրերը չեն համապատասխանում ներառական կրթության պահանջներին: Թերի է նաև նյութատեխնիկական բազան, օրինակ տեսողության խնդիր ունեցողների համար գրեթե չկան համապատասխան գրքեր: «ԵՊՀ ռեկտորը խոստացել է, որ շուտով մայր բուհը մատչելի կդառնա հաշմանդամություն ունեցող ուսանողների համար: Հույս ունեմ, որ դա իրոք կլինի»,-ասել է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը: Մեր երկրի 29 բուհերից միայն մեկը`Հայաստանի ամերիկյան համալսարանն է մատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց,պարզվել է հաշմանդամություն ունեցողների համար բարձրագույն կրթության հասանելիության վերաբերյալ հետազոտության արդյունքում: «Ունիսոն» ՀԿ-ի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ պատրաստված զեկույցում նաև նշված է, որ չկան սահմանված մեխանիզմներ` համալսարաններում կրթական գործընթացը հենաշարժողական, տեսողության, լսողության, խոսքի կամ ընդհանուր հաշմանդամություն ունեցող երիտասարդների կարիքներին ադապտացնելու համար: Ուսումնասիրությունը փաստում է, որ հաշմանդամություն բառը հասարակության շրջանում հաճախ զուգորդվում է հիվանդության, անկարողության հետ և խղճահարություն ու սարսափ է առաջացնում: «Շատերն ասում են, թե փորձում են օգնել: Ավելի լավ է` պայմաններ ստեղծեին, որ օգնելու կարիք չլիներ»,-շեշտել է պարոն Ալավերդյանը: «Իմ խորին համոզմամբ, մենք պարտավոր ենք փոխել իրավիճակը և աստիճանաբար ապահովել հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար պատշաճ կրթություն ստանալու բոլոր պայմանները: Մեզ մոտ այդ կարծրատիպը կա. եթե լուրջ հաշմանդամություն կա, թող մարդը նստի տանը,ինչ բուհ,ինչ բան: Մենք առաջարկում ենք ազգային ծրագիր մշակել`ներառականությունը խթանելու համար»,-եզրափակել է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրենը: