Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի սենյակի պատմություն.նկարներ 16–ը լրացածների համար

Մշակույթ
10994758_801495733263909_690084034_n

Պատմություններ, իրավիճակներ, որոնք լինում են մեկ սենյակի պատերի ներսում։ Երիտասարդ լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը փորձել է ստանալ սենյակում գտնվող մարդկանց տարբեր վիճակները։ Ցանկացել է ստանալ հյուրանոցային համարում ապրող տարբեր մարդկանց պատմություններ, թե իրենք ինչ են թողել այդ սենյակում՝պատերի ներսում։ Իսկ ինչու հենց հյուրանոցային սենյակ, քանի որ այնտեղ տարբեր տեսակի մարդիկ են  այցելում։ Մարդիկ սենյակում հանում են իրենց դիմակները՝ցույց  տալով այն կողմերը, որոնք  թաքնված են։ Էմինը ներկայացրել է սոցիալական, հոգեբանական, կրոնական, սեքսուալ թեմաների հետ կապված խնդիրները, որոնք այսօր արդիական են։ Երկար ժամանակ աշխատել է սցենարի վրա։ Ամեն մի լուսանկարի համար ունի մի քանի էջ գրված պատմություն։ Միակ դժվարությունը վայրն ընտրելն էր։ Պտտվել է բոլոր հյուրանոցներով՝չգտնելով իր ուզածը.«Ինձ պետք չէին մետլախներով, նորաոճ վերանորոգում ունեցող վայրեր, այլ պետք էր 90-ականների վիճակ»։ Լուսնկարները արել է ընկերոջ տանը.« Ասացի՝ես գալիս եմ քո տունը գրավեմ, հետո ռեմոնտ կանեմ, բայց տունդ քանդելու եմ»։ Կադրն ստանում էր ՝10-15 րոպեում։ Մոդելներից շատերը խաղացել են այն կերպարները, որոնք իրենց կյանքում եղել են։ Լուսանկարիչը ոչ թե ինչ–որ բան պրոպագանդում է կամ ինչ–որ բանի դեմ է, այլ ներկայացնում է չեզոք ու ամեն մեկի համար հարազատ մի նկար. «Մտածում էի, որ ես իմ գլխին բերելու եմ գլխացավանք, բայց շատերը ճիշտ են ընկալել։ Ես չէի ուզում,որ սա ընկալվեր որպես նեգատիվի պրոպագանդա։ Գլխավոր նպատակն է, որ մարդիկ կանգ առնեն ու մտածեն»։ Ցուցահանդեսը կոմերցիոն նպատակ չունի, այլ հակառակը.«Ես ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես մաքսիմալ քամվել եմ, որ սա անեմ։ Որպես ստեղծագործող մարդ՝ չեմ կարող սահմանափակվել իմ ամենօրյա ռեպորտաժային աշխատանքներով»։ Առաջին մասնագիտությամբ քաղաքագետ, հետո միայն լուսանկարիչ երիտասարդի համար՝սա թվով 2-րդ ցուցահանդեսն էր։ Էմին Արիստակեսյանին օգնել է կինը, ով իր համար գլխավոր ոգեշնչողն է եղել։ Էմինի ներկայացրած պատմությունները, որոնք լինում են ամենաթանկարժեք տներից, հյուրանոցներից մինչեւ աղքատիկ խրճիթներ, ունեն տարիքային ցենզ. 16+ է: