Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաֆիան մնում է մաֆիա. Հայրիկյանը՝ Ս. Սարգսյանի և Գ. Ծառուկյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
hayrikyan

Հանրապետության հրապարակում կայացել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի և իր համախոհների փոքրիկ հավաքը՝ նվիրված 1921 թվականի փետրվարյան ապստամբությանը։ Պարոն Հայրիկյանն անդրադարձել է նաև այս օրերին նախագահի և ԲՀԿ առաջնորդի շուրջ ծավալվող իրադարձություններին, որոնց նա լուրջ չի մոտենում։ «Մաֆիան որքան էլ իր ներսում կռիվներ ունենա, մաֆիան մնում է մաֆիա։ Սա պարզունակ մաֆիա չէ, այլ պուտինյան մաֆիայի տեղական ներկայացուցչությունն է, այդ ներկայացուցչության ղեկավարությունը»,- շեշտել է ԱԻՄ առաջնորդը։ «Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն ասում են, թե իրենք Եվրասիական միության կողմն են, ուրեմն ռուսական իմպերիալիզմի կողմն են, դրանց մասին էլ ինչ խոսես»,- ասել է պարոն Հայրիկյանը։ Նա վստահ է՝ թեկուզ հազար հարցում նրանք իրար հետ վիճեն, եթե այդ մի հարցում միասին են, մնացածը երկրորդական է։ ԱԻՄ առաջնորդին չի հետաքրքրում, թե Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդն ինչն իրար հետ չեն կիսել, այլ այն է հետաքրքրում, թե ինչն է իրենց մոտ ընդհանուր։ «Եվ տեսանք, որ նույն պապան ունեն՝ ռուսական իմպերիալիզմը»,-շեշտել է քաղաքական գործիչը։ «Եթե նույնիսկ 100 հազարանոց հանրահավաք էլ ունենա Ծառուկյանը, եթե այդ հանրահավաքը չի վերաբերում մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությանը, ապա եղած-չեղած մի հաշիվ է»,-կարծում է նա։ Ասուլիսից հետո աիմականները՝ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, ավտոերթով շարժվել են Գառնի, որտեղ փետրվարյան ապստամբության երկու հերոսներ են ննջում։ Մարզային աիմականները հավաքին չեն մասնակցելու, քանի որ կուսակցության ղեկավարի խոսքով՝ աշխատանքային օր է և գալու հետ կապված խնդիրներ կառաջանային։ Ի դեպ, պարոն Հայրիկյանի փոխանցմամբ՝ երթը նվիրվում է նաև օրեր առաջ Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ ԼՂ իշխանությունների կողմից իրականացված սադրանքին։