Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը փորձում են ճոճել. Ծառուկյանին ժերտվա՞ տվեցին»

Քաղաքականություն
harutyun-mesrobyan

Երեկ ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանի ելույթի եւ դրան հաջորդած զարգացումների վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ։ -Պարոն Մեսրոբյան ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը, որտեղ առաջին անգամ նաեւ անձնական վիրավորանք էր հասցված քաղաքական գործչի հասցեին։ -Պարզ է մի բան, որ այն ներքին վիճակը, որը ստեղծվեց Հայաստանում՝ կառավարման իմաստով, դա արդեն հղի էր ճակատագրական վտանգներով։ Հայաստանը գրեթե բոլոր ուղղություններով նահանջ է ապրում։ Կառավարման այդպիսի օրենք կա, եթե վիճակը վատթարանում է, ապա մեծ է հավանականությունը, որ ինչ-որ տատանում կսկսվի։Այդ տատանումն անպայման կլինի, ուղղակի առիթներ են պետք։ Առիթներից մեկն էլ այն վիճակն է, որը ստեղծվել էր անցյալ տարվա աշնանը՝ առաջացել էին ներիշխանական անջրպետներ։ -Կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ այլևս իշխանափոխության գործընթացը սկսված է։ - Ես չեմ սիրում այդ բառը՝ իշխանափոխություն։ Եկեք խոսենք ազգանունափոխության մասին։ Մեզ մոտ 20 տարուց ի վեր ազգանունափոխություն է, որը, սակայն, իշխանափոխություն չի։ Իշխանության որակը մեզ մոտ, դժբախտաբար, չի փոխվում 1991 թ-ի սեպտեմբերի 21-ից։ 2015թ-ին ուղղակի պարզ դարձավ, որ այն համակարգը, որը ստեղծվել է, իր էությամբ սպառվում է, քանի որ նա գրեթե չի արձանագրում արդյունքներ։ 2 տարուց ավելի քիչ ժամանակահատվածում մեզ մեծ արհավիրքներ են սպասվում, ես դրա մասին ասել եմ դեռևս 2009 թվականից։ -Երեկ Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ «բարեգործության» անվան տակ Գագիկ Ծառուկյանը խուսափում է հարկերից։ Հեռացրեց նաեւ Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից ու պատգամավորությունից՝ նիստերից մշտապես բացակայելու համար։ Ի՞նչն էր մինչ երեկ Սերժ Սարգսյանին խանգարում քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, եթե կային ապօրինություններ ու խախտումներ։ - Այս հարցը պատասխան չունի, քանի որ ամեն մի խաղացող ինքն է որոշում այդ պահը, երբ ինքը պետք ա քայլ անի, օրինակ ինչպես շախմատում է՝ գրոսմայստերը կամ ցանկացած խաղացող հո չի նստում ու միանգամից իր թագուհուն «ժերտվա» տալիս, ինչ-որ քարի է չէ սկզբում ժերտվա անում։ Հետևապես կարևորը այն է, որ արդեն ակնառու է, որ մի քանի տարի է՝ մեզ մոտ հասունանում է պետության կառավարման ճգնաժամը, իսկ երբ այն հասունանում է, ապա անհնարին է այն առանց արտաքին կոպիտ շարժումների փորձել ճգնաժամից դուրս գալ։ Երկար ժամանակ ծածկադմփոց չի լինում անել։  -Ըստ Ձեզ՝ ինչպիսի քայլեր կհաջորդեն։ - Մի մասը դուրս կգա ԲՀԿ-ից, իմ կարծիքով՝ դրանք նրանք են, ովքեր վախեր ունեն իրենց բիզնեսի հետ կապված, մի մասը պայքարելու է մինչև վերջ, իսկ մի զգալի մասը՝ կլինի իներտ, դա այն է, ինչ լինում է ցանկացած դեպքում։ Կլինի մի կողմից կոշտ հռետորաբանություն, մյուս կողմից՝ կամաց-կամաց փախուստ կուսակցությունից, մի մասն էլ ուղղակի կնայի՝ ինչ է կատարվում։ Դա ոչ մի կուսակցության մենաշնորհը չի, դա պարզապես մարդու տեսակն է այդպիսին։  -Իսկ ո՞րն է լինելու ՀՀԿ-ի հաջորդ քայլը։ Արդյո՞ք ԱԺ-ն կձեռնարկի Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործողություններ։ -Բացառված չէ։ Սակայն կարևորն այն է, որ մեր առջև այսօր ծառացած են մահացու մարտահրավերներ։ Հայաստանը փորձում են ճոճել, և ամեն ինչ կանեն, որ այն ճոճվի։ Մենք ունենք չափազանց կարևոր արտաքին մարտահրավերներ։ Կա մի զգալի զանգված, որը կամ չի հասկանում, որ Հայաստանը մտել է վտանգի տակ, կամ ուղղակի կատարում է օտարի ցուցումները։ Մենք բոլորս, նաև ԶԼՄ-ները, մի սովորություն ունենք, որը ես չեմ ողջունում։ Մի իրավիճակ է լինում, մենք բոլոր ռեսուրսները ուղղում ենք այդ իրավիճակին։ Ես հասկանում եմ, որ սա դոմինանտ լուր է, բայց այդպե՞ս։ Այսինքն՝ եթե գիշերը մեր վրա հարձակվեին, ես խիստ կասկածում եմ, որ մենք կդիմադրեինք։ Պետք չէ այդքան սևեռվել մի բան վրա։