«Եթե չի բացահայտում, շատ արագ պետք է հրաժարական տա» (տեսանյութ)
«Չեմ ուզում կենտրոնանալ ազատամարտիկ երևույթի վրա,-անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ կատարված բռնության դեպքին՝ այսօր նշեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։- Քաղաքացիներ էին, ովքեր մեկնել էին Արցախ՝ որոշակի նպատակներով։ Կատարվել է բռնություն և շատ արագ այդ նյութական և բարոյական վնասը պետք է վերականգնել, ներողություն խնդրել նրանցից»: Պարոն Բլեյանի կարծիքով՝ կատարվածը մարդու իրավունքների խախտում էր, իսկ որևէ առևտուր մարդու իրավունքի հաշվին անթույլատրելի է: Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ այդ երիտասարդն իր աշակերտն է եղել։ «Բայց դա կապ չունի։ Ով ուզում է լինի, օրը ցերեկով կատարված դեպքը պետք է բացահայտվի: Բա ինչի՞ համար է իրավապահ համակարգը: Այն մարդը, ով պատասխանատու է նման դեպքերը բացահայտելու համար, եթե չի անում, պետք է շատ արագ հրաժարական տա»,-շեշտել է նա: