Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

Տնտեսություն

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովը եւ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրեցին «ՌԴ-ին ՀՀ-ի ունեցած պարտքի մասին» կամ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը:

Ստորագրման արարողությունից հետո Կլեբանովը հայտարարեց, որ չի ցանկանում իրադաձություններից առաջ ընկնել եւ առայժմ չի կարող թվել Ռուսաստանին փոխանցվող ձեռնարկությունների ցանկը:

Կլեբանովը չի կարծում, թե նախօրոք հաստատված ցանկը/ Հրազդանի ՋԷԿ, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկություն, «Մարս» գործարան, Նյութաբանության ինստիտուտ/ փոփոխություն կկրի: Արդեն պարզ է, որ ամենաուշը 2003թ-ի հունվարի 1-ից այդ ձեռնարկությունները, կամ դրանց մի մասը վերածվելու է 100% պետական բաժնեմասով ռուսական ընկերությունների: Իլյա Կլեբանովը տեղեկացնում է, որ իրենք մտադիր են նախկին հայկական ձեռնարկությունները հանձնել հավատարմագրային կառավարման ռուսական տնտեսվարող սուբյեկտներին: Այսպես, Հրազդանի ՋԷԿ-ը տրվելու է ՌԱՕ ԵԷՍ-ին, իսկ էլեկտրոնային ոլորտի ընկերությունները՝ ՌԴ համակարգերի կառավարման դաշնային գործակալությանը:

Ուրբաթ օրը հայկական կողմը ռուսներին է փոխանցելու գույքի պահանջագրերը եւ շաբաթ օրվանից սկսվելու է գույքի գնահատման գործընթացը: Այսօր ստորագրված համաձայնագիրը կվավերացվի ՌԴ Պետական Դումայի եւ ՀՀ ԱԺ-ի կողմից կվավերացվի աշնանը, իսկ գործընթացն ամբողջությամբ կավարտվի մինչեւ տարվա վերջ:

ՌԴ նախարարը նաեւ նկատում է, որ Հայաստանի տնտեսության նկատմամբ ռուսական բիզնեսմենների հետաքրքրությունը աճել է: Ռուսներին փոխանցվելիք ձեռնարկություններում ներդրումներ են կատարվելու: Նրա գործընկեր, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացրեց, որ ներդրումների մասին համաձայանագրում նշված չէ: Ըստ նախարարի նախկին հայկական ձեռնարկություններում ռուսական ներդրումների երաշխիքների կարիք չկա, քանի որ եթե ռուսները 100 մլն դոլարի փոխարեն գույք են վերցնում, ապա պետք է այդ գույքն աշխատեցնեն: «Դա ենթադրվում է»,- ասում է Սերժ Սարգսյանը: