Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ականին ծեծելով տարել են անհայտ ուղղությամբ. նոր մանրամասներ առեւանգումից

Քաղաքականություն
Artak1

Մեկ-երկու ժամ առաջ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանն իր կուսակից, քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանից զանգ է ստացել, որի ընթացքում պատգամավորը միայն հասցրել է լսել. «Մի խփեք, մի խփեք, ո՞ւր եք տանում»: «Ա1+»-ի հետ զրույցում ԱԺ պատվիրակության հետ ԼՂՀ մեկնած պարոն Բաբայանը նաեւ նշեց, որ անմիջապես կապ է հաստատել Արտակ Խաչատրյանի հետ ու փորձել պարզել` ինչ է կատարվել: Նշենք, որ Արտակ Խաչատրյանը վերջին շրջանում ակտիվ մասնակցում ու ելույթ էր ունենում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Պատգամավորը պատմեց նաեւ, որ դիմակավոր 3 անձ ավտոմատներով, Տոլստոյի փողոցի վրա գտնվող «Ծղոտներ» ռեստորանային համալիրի մոտ հարձակվել են Արտակ Խաչատրյանի վրա, ծեծելով նստեցրել սեւ գույնի ավտոմեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ: Արտակ Խաչատրյանի եղբայրը` Արտյոմ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ զանգահարել է Ոստիկանության «1-02» ծառայություն, հայտնել կատարվածի մասին եւ այս պահին գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում` քրեական գործերով բաժնի պետի հրավերով: Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ իրենց աղբյուրներով փորձում են ճշտել` որտեղ կարող է լինել եղբայրը եւ հաստատապես պարզել են, որ ոստիկանության ոչ Կենտրոնի եւ ոչ էլ Երեւան քաղաքի վարչությունում անձի բերման ենթարկելու փաստ չի արձանագրվել: «Ես վստահ եմ, որ եղբորս առեւանգել են նրա հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության պատճառով: Նա անձնական խնդիրներ չի ունեցել որեւէ մեկի հետ, ոչ բիզնեսմեն է, ոչ էլ մեծահարուստ, առավելեւս որեւէ կապ չունի քրեական աշխարհի հետ, որպեսզի այդ ուղղությամբ կասկածներ ունենանք»,- ընդգծեց Արտյոմ Խաչատրյանը: Ի դեպ, եղբորը առեւանգելիս նրա բջջային հեռախոսը մեքենայից դուրս են շպրտել: Բջջային զանգերն անհասանելի են: