«Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանի կողմից տնային կալանքի տակ է»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ շարունակում է հրատապ մնալ հետեւյալ հարցը՝ ո՞ւր է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը. «Ակնհայտ է, որ նա Սերժ Սարգսյանի կողմից տնային կալանքի տակ է գտնվում»: Ինչ վերաբերում է ԲՀԿ խորհրդաժողովին, ապա պարոն Զուրաբյանը նշեց, որ թռուցիկ հետեւել է ժողովի ընթացքին ու կարդացել Գագիկ Ծառուկյանի ելույթը. «Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր ջանք՝ շուտափույթ իշխանափոխության իրականացման համար: Մենք լավ համագործակցում ենք Ծառուկյանի հետ: Նրա ելույթն իսկապես առաջընթաց էր: Ուզում եմ ընդգծել, որ առաջին անգամ ԲՀԿ-ն հրապարակայնորեն հարց դրեց ՀՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների մասին»: Ըստ նրա՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի այս դաշինքը բավականին արդյունավետ է. «Դաշինք ասելով՝ նկատի ունեմ նաեւ «Ժառանգությանը»: Կան բնականաբար մարտավարության հարցում տարբեր մոտեցումներ. մենք ավելի արմատական լուծումներ ենք պահանջում, կարծում ենք, որ այս իրավիճակում ավելի արդյունավետ կլիներ ժողովրդական ընդվզումը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով: Մենք պետք է պարտադրենք այս իշխանություններին, որ նրանք անհապաղ հեռանան»: Պարոն Զուրաբյանի համոզմամբ՝ երկու կուսակցությունների դիրքորոշումները աստիճանաբար մերձենում են, իսկ մարտավարական տարբերությունները քչանում ու դառնում ավելի մեղմ. «Գագիկ Ծառուկյանի ելույթն ու ԲՀԿ դիրքորոշումը եւս մեկ քայլ էին այդ տարբերությունը հարթելու ուղղությամբ: Նրանք էլ, մենք էլ գնում ենք զիջումների: Կարեւորն այն է, որ մենք կարողանանք մեր ջանքերը համատեղել. առանձին վերցրած որեւէ մի ուժ ոչինչ չի կարող անել»: Նա նաեւ նշեց, որ առաջիկա եռակողմ հանդիմանը կգտնվեն այն լուծումները, որոնք հնարավորություն կտան հզոր հանրահավաքային ալիք ձեւավորել, որին սպասում է ժողովուրդը: