Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստը Աղվան Հովսեփյանից գումար է պահանջում (տեսանյութ)

Հասարակություն
daniel

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը 15000 դրամ փոխհատուցում է պահանջում Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանից։ Նրան երեկ հրավիրել են Գյումրի հարցաքննության՝ Ավետիսյան ընտանիքի հուղարկավորության հաջորդած ակցիային մասնակցելու համար։ Ակտիվիստը հարցաքննվել է վկայի կարգավիճակում։ «Դա բխում է քրեական դատավարության օրենսգրքից՝ նկատի ունենալով,որ վկան իրավունք ունի նման պահանջ ներկայացնել, եւ այդ պահանջը պետք է բավարարվի։ Ես պահանջել եմ փոխհատուցել թե բենզինը,որ ծախսել եմ,թե այն գումարը , որ ծախսել եմ սննդի վրա»,- «Ա1+»-ին ասաց Դանիել Իոաննիսյանը։ Հարցաքննությունը տեւել է մոտ 4 ժամ, եւ արձանագրությունը 24 ու կես էջի վրա է զետեղվել։ «Քննիչներին հետաքրքրում էր՝ ո՞ւմ գործողությունների արդյունքում են տուժել ոստիկանության ծառայողները, ոստիկանական մեքենաները, ոստիկանության գույքը»,- հիշում է Դանիել Իոաննիսյանը։ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը չի մեկնելու Գյումրի՝ հարցաքննության. «Իրենք հստակ իմացել են, որ ես ու իմ ընկերները այդ ժամանակ այնտեղ չենք եղել, ու դրանից հետո ինձ հրավիրելը մի քիչ տարօրինակ է»։ Չպարզված հարցերի դեպքում առաջարկում է իրեն հարցաքննել Երեւանում. «Անտրամաբանական է, որ 150 կմ Երեւանից գնալ՝ վստահ լինելով,որ որեւէ կարեւոր փաստ մեզանից պարզելն անհնար է»,- ասում է նա։ Որպես վկա ՀՔԾ է կանչվել նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, բայց հարցաքննվելու հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ցույցի առիթով։ Նրանք պահանջում էին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին։ «Այն ինչ կատարվել է Երեւանում, Գյումրիում, Բերձորում, ցույց է տալիս, որ մեզանում սկսում է գործել այլ տրամաբանություն, բոլորովին այլ ներքին քաղաքականություն եւ օտար երկրի հատուկ ծառայությունները շատ ավելի մեծ կարեւորություն եւ նշանակություն ունեն»,- նշեց Տիգրան Խզմալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։