Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողի սպանության գործով՝ շտապ խորհրդակցություն

Քաղաքականություն
pn

Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկում հունվարի 29-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ այսօր` հունվարի 31-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին` ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի կուրսանտ Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին ծանոթանալու նպատակով հունվարի 31-ին նախարար Սեյրան Օհանյանը այցելել է դեպքի վայր` խորհրդակցություն հրավիրելով ուսումնական զորամասի հրամկազմի հետ: Խորհրդակցության ընթացքում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման, կատարված հանցագործության հետ ուղղակի և անուղղակի առնչվող մեղավորների շրջանակը պարզելու ուղղությամբ հարուցված ծառայողական քննության արդյունքների մասին զեկուցել է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը: Անդրադառնալով միջադեպին` պաշտպանության նախարարը մասնավորապես նշել է, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին: Լսելով դեպքին առնչվող բոլոր նյութերի մանրամասները` նախարարն իր վրդովմունքն է արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը: Խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն: Պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան` հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ: Հավելենք, որ դեպքի առթիվ կատարվող նախաքնննությունը շարունակվում է:   Քննարկվել են հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքները Հունվարի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև պաշտպանության բանակի և բանակային զորամիավորումների հրամկազմը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր հունվար ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և հատկապես շտկման կարիք ունեցող բացթողումների ու դրանց վերացման ուղիների քննարկմանը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության բարձրացման, հանկարծակի ստուգումների, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, մարտական հերթապահության, գնումների գործընթացի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նոր ուսումնական փուլի մեկնարկին ընդառաջ` նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձ կատարեց նաև դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները պատճաշ կազմակերպելու հարցերին: Խորհրդակցության ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները: Հանձնարարականների և հարցադրումների տեսքով անդրադարձ կատարվեց նաև պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում 2015թ. կատարվելիք աշխատանքներին, որոնց վերաբերյալ առավել ընդգրկուն զեկույց ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: