Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանը միջնորդեց հարցաքննել Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shant13

Սերժ Սարգսյանի անունն այսօր կրկին հնչեց դատարանում։ «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց Սերժ Սարգսյանին հրավիրել եւ հարցաքննել։ «Վերջինս խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկար, եւ գործի քննությունը դեռ չէր ավարտվել, սակայն նա նրանց անվանել է հանցագործներ»,- նշեց պաշտպանը։ Սակայն գործով դատախազ Գեւորգ Գեւորգյանը առարկեց միջնորդությունը։ Վերաքննիչ դատարանի դատավորները եւս մերժեցին միջնորդությունը՝ նշելով,որ ապացույցները բավարար են վերաքննիչ բողոքի շրջանակներով դատական ակտ կայացնելու համար։ Շանթ Հարությունյանը միջնորդեց հոդվածները հանել իրենց վրայից՝ ավելացնելով, որ իրենք միայն ինքնապաշտպանության են դիմել։ Նա նշեց, որ իրենք ինքնապաշտպանության են դիմել, ու ինքը ոչ միայն իրեն է պաշտպանել, այլ նաեւ ժողովրդին՝ հայրենիքի դավաճաններից։ «Նրանցից մեկն էլ Սերժ Սարգսյանն է, ով Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է եղել»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։ Մի քանի անգամ դատավորները ընդհատեցին 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանին, եւ տեսնելով, որ նա շարունակում է իր հայտարարությունը՝ հեռացան խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ին։ Ի դեպ, միջնորդություններ ունեին նաեւ մյուս ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները, սակայն հնարավորություն չունեցան դրանք ներկայացնելու։