Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրբ Սարգսի տոնը կապվում է նաեւ բքի հետ. Մասնագետները բանավիճում են (տեսանյութ)

Հասարակություն
surb-sargis-2

Արդեն 10 տարի է՝ Սուրբ Սարգսի տոնը մեծ տոնակատարության է վերածվում. այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատյան հայրապետական թեմի «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը։ «Քանի որ Սուրբ Սարգիսը ոչ միայն սուրբ է, այլեւ զորավար, մենք մեր միջոցառումների շարքը սկսում ենք զորամասերից։ Սուրբ Սարգիսը ոչ միայն երիտասարդների, այլեւ բոլորի սիրո բարեխոսն է»,- նշեց Հասմիկ Միրզոյանը։ Սուրբ Սարգսի տոնն ավելի խորը արմատներ ունի։ Ինչպես նշում է «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը՝ այս տոնն ունի նախաքրիստոնեական արմատներ եւ Սուրբ Սարգսի պաշտամունքը եղել է նաեւ ոչ քրիստոնյա ազգերի մոտ։ «Տոնը Կապված է եղել ձմեռվա բուքը, սառնամանիքը քշել-տանելու սրբության հզոր ուժի հետ։ Գուցե վաղն էլ բուք լինի։ Հետաքրքրիր է, որ Սուրբ Սարգսի պաշտամունքն ավելի կապվում է հեքիմության, բժշկության հետ։ Նա եղել է բարեխոս,ինչպես մյուս բոլոր հեքիմները, բայց, որ եղել է երիտասարդների սիրո բարեխոս՝ դա նորություն է»,-ասաց Հասմիկ Բաղրամյանը։ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում, որ նա հեքիմ է եղել, նա Սուրբ է։ Հասմիկ Միրզոյան ասում է՝ չի հիշում մի դեպք, երբ Սուրբ Սարգսի օրը բուք եղած լինի։ Հույս ունի, որ վաղն էլ բարենպաստ եղանակ կլինի։ Սուրբ Սարգսի տոնը խորհրդանշող աղի բլիթը, ալյուրը, փոխինձը եւս եկել են նախաքրիստոնեական շրջանից։ «Այս ավանդույթները ժողովրդի միջից ջնջել հնարավոր չէ, սա գենետիկ մակարդակի վրա մեզ մոտ պահպանված է»,-ասաց Հասմիկ Բաղրամյանը։ Եկեղեցին չի հերքել, եւ արմատախիլ չի արել ազգային ավանդույթները, ամեն դեպքում, հորդորում է աղոթքով դիմել սրբի բարեխոսությանը եւ հավատալ։