Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պատրաստվում ենք գրանցել մեր ուղեծիրը տիեզերական տարածքում». պատգամավոր

Քաղաքականություն
2558bff77b98a2c78710e84a59fc00d4

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը սկսեց քննարկել «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին»,  «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» եւ նմանատիպ եւս երեք միջազգային համաձայնագրեր, որոնք ստորագրվել են սկսած 1976թ.-ից: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ, ի հեճուկս լրատվամիջոցների հեգնանքի, սրանք բավականին ծանրակշիռ ու նորարարական համաձայնագրեր են. «Արդեն սկսված ծրագիր կա, որ ստեղծենք սեփական արբանյակ, որը դրական ազդեցություն կունենա ինտերնետի ու թվային հեռուստատեսության վրա: Հաճախականությունը, որ կունենա ՀՀ-ն, կունենա իրավական լիարժեք հիմքեր, ինչպես նաեւ՝ կօգտվենք մյուս պետությունների հաճախականություններից՝ իրավական հիմքերի վրա: Այնպես որ՝ վերադառնանք 1962թ. եւ ասենք՝ պոեխալի»: Ավելի վրդովվեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Ես հասկանում եմ ոմանց հեգնանքը, սակայն ուզում եմ հիշեցնել՝ դեռ 1992թ. կային այս համաձայնագրերը մեր օրակարգում, սակայն այն ժամանակ կային այլ առաջնահերթություններ, արդյունքում դրանք ձգձգվեցին: Եկեք լուրջ վերաբերվենք»: Համաձայնագրերը ներկայացնող Տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հայտարարեց, որ մենք պատրաստվում ենք գրանցել մեր ուղեծիրը տիեզերական տարածքում, ինչպես նաեւ՝ տիեզերքում տեղի ունեցող խնդիրներին ցուցաբերել աջակցություն: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը նրան հարցեր ուղղեց՝ հետաքրքրվելով. «Հիմնական պետությունները, օրինակ՝ ԱՄՆ-ն, որ զբաղվում են տիեզերքի ուսումնասիրություններով, չե՞ն ստորագրել այդ համաձայնագրերը: Ինչո՞ւ: Ինչպես նաեւ՝ խնդրում եմ բացատրել՝ լուսնի վրա մարդու աղետալի գործունեության բացառումն ինչ է նշանակում»: Փոխնախարարը հայտարարեց, որ լուսինը պետք է օգտագործվի միայն խաղաղ նպատակներով. «Նախատեսվում է ստեղծել նաեւ տիեզերական գործակալություն, որը թանկարժեք գործընթացներ են: Ադրբեջանը քննարկում է երկրորդ արբանյակ ունենալու նախագիծը»: Հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի փոխարեն, որն այսօր բացակայում էր, հանդես եկավ Սամվել Ֆարմանյանը. բարկությունն էլ ավելի էր, եւ նա հանդես եկավ կոշտ հայտարարություններով՝ հատկապես ուղղված լրատվամիջոցներին. «Սա անգամ չափազանց ուշացած համաձայնագիր է, ու եթե մեկը անլուրջ է վերաբերվում դրանց, ուրեմն ընկալման խնդիր ունի: Արհեստական հեգնանքը անգրագիտության դրսեւորում է, դա կարող է ցույց տալ դեգրադացման մեր ընդհանուր աստիճանը: Եկեք տեքստերը կարդանք, հետո հեգնենք, հակառակ դեպքում դա նշանակում է մարտնչող կիսագրագիտություն կամ անգրագիտություն»: