Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ Փերինչեկի գործով. հավասարակշռություն՝ խոսքի ազատության և ատելության խոսքի միջև

Հասարակություն
human

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան(FIDH), միջամտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ներկայացված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին, կոչ է անում հավասարակշռություն հաստատել խոսքի ազատության և ատելության խոսքի միջև: Փարիզ-Ստրասբուրգ, հունվարի 28-ը, 2015թ.: Այն պարագայում, երբ միջազգային համատեքստում խոսքի ազատությունը զգալիորեն վտանգի է ենթարկվում, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խոսքի ազատության և ատելության խոսքի (ներառում է նաև ժխտողականությունը) միջև երկընտրանքը լուծելու եզակի հնարավորություն է ընձեռում: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան միջամտել է գործին որպես երրորդ կողմ, ներկայացնելով գրավոր դիտարկումներ` նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտողական ճառերն և ատելությամբ լի հռետորաբանությունը պարունակում էբռնության անժխտելի մի վտանգ և այդպիսով կարող է հիմնավորվել խոսքի ազատության սահմանափակումը: «Հաշվի առնելով Եվրոպական նախադեպային իրավունքի հակասականությունը, որը տարակուսանքի աղբյուր է հանդիսանում, ինչն իր հերթին վտանգի է ենթարկում գաղափարների և ժողովրդավարական բանավեճերի անխոչընդոտ ձևավորումը՝ Դատարանին կոչ է արվում պաշտոնապես սահմանել այն պայմանական սկզբունքները, որոնցով այն պարտավոր է առաջնորդվել, ինչպես նաև սահմանել մեկնաբանման այն չափանիշները, որոնցով անդրդվելիորեն պաշտպանվում է խոսքի ազատությունը և պատմական քննարկումները՝ բացառելով ժխտողականության և ատելության խոսքի ծաղկումն ու անպատժելիությունից օգտվելու հնարավորությունը»,- իր խոսքում նշեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Քարիմ Լահիջին: Բազմաթիվ համաժողովների ժամանակ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու փաստը հերքած թուրք Դոգու Փերինչեքը, ով Շվեյցարիայի դատարանների կողմից դատապարտվել էր ռասայական խտրականության համար, դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը բավարարել էր նրա հայցադիմումը՝ հանգելով այն եզրակացությանը, որ Կոնվենցիայով պաշտպանված նրա՝ խոսքի ազատության իրավունքը խախտվել է: Իրավունքների չարաշահման մեղադրանքը հանելու (ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմից պաշտպանված իրավունքների և ազատությունների սահմանափակման միակ հիմնավորումը կլիներ) և Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված՝ խոսքի ազատության իրավունքի խախտում ճանաչելու համար Դատարանը որոշել էր, որ հայցվորի կողմից ասվածը հայ ժողովրդի նկատմամբ բռնություն կամ ատելություն հրահրող խոսք չէ, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարող ռասայական ատելություն սերմանել: Դատարանի Մեծ պալատի կողմից գործի վերաքննության ընթացքում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան կարևոր համարեց Դատարանին փաստարկման առանձին ուղղություններ առաջարկել, որպեսզի ավելի կայուն հակակշիռ ապահովվի խոսքի ազատության իրավունքի պաշտպանության և ատելության խոսքի արգելքի միջև: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում