Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախազգուշական երթ՝ Հանրապետության հրապարակում

Տնտեսություն
ert

Փոքր եւ միջին ձեռնարկատերերն այս պահին նախազգուշական երթ են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանք պահանջում են կառավարության պատասխանն իրենց մտահոգող խնդրին՝ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, ըստ որի՝ փոքր ու միջին տնտեսվարողները անցյալ տարվա հոկտեմբերի մեկից պետք է որպես հարկ վճարեին իրենց շրջանառության մեկ տոկոսը՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն: Բայց դրա դիմաց առեւտրականները պետք է ամբողջությամբ փաստաթղթավորեին իրենց շրջանառությունը եւ յուրաքանչյուր ապրանքի համար պետք է ունենային հաշիվ-ապրանքագիր: Ավելի ուշ օրենքի կիրարկումը հետաձգվել է մինչեւ փետրվարի 1-ը։ Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Կառավարության դիմումների եւ նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ փորձելով հանդարտեցնել տնտեսվարողներին՝ ասելով, որ վարչապետը զբաղված է եւ չի կարող հիմա նրանց հետ հանդիպել։ Ժողովուրդը սուլոցներով ճանապարհել է պաշտոնյային՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ Եթե նախազգուշական երթից հետո պատասխան չստանան, ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր։