Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Հայաստանը ձեռնպահ քվեարկեց Ռուսաստանի հարցում (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar-hajeli

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձեռնպահ քվեարկությունը` մինչեւ ապրիլ Ռուսաստանին զրկել ձայնի իրավունքից, Գյումրու դեպքերի հետ կապելը սխալ է։ Այս հարցում երկու տարբեր բեւեռներում գտնվող բանախոսների՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքները համընկնում են։ «Ռուսական կողմին մեր ենթակայությունն ակնհայտ է, ինչի վկայությունը այն է, որ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգից հետո Սերժ Սարգսյանը անդրադարձավ Գյումրու դեպքերին: Մեր իշխանությունների ջանքերով հայ-ռուսական գործընկերային, բարեկամական քաղաքականությունը վերածվել է վասալայինի: Գուցե կուլիսային ինչ-ինչ միջադեպեր են տեղի ունեցել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Անդրադառնալով Գյումրու դեպքերի հետ կապված իշխանությունների քայլերին՝ «Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ տպավորություն է ստեղծվում, որ այս իշխանությունները ամենեւին էլ այս երկրի իշխանությունները չեն եւ մինչ այժմ դրսեւորած վարքն անընդունելի է։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ ավելացրեց, որ գործի քննությունը պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով եւ հարցեր չպետք է մնան։ «Դեպքը չպետք է ստվեր գցի հայ-ռուսական հարաբերությունների վրա»,- մեկ անգամ եւս շեշտեց ԱԺ պատգամավորը։ Անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը շեշտեց, որ դրական արդյունքի դեպքում հայկական կողմի համար գործը կարող է նախադեպային լինել։ Գործով դատավճիռը հրապարակվելու է 6-8 ամսվա ընթացքում։ Արմեն Մարտիրոսյանը հույս ունի, որ մինչեւ որոշման հրապարակումը, չեն գերակշռի աշխարհաքաղաքական շահերը, եւ արդարադատությունը կհաղթանակի։