Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց Բաքվի ջարդերի թեման

Քաղաքականություն
Hermine

Այսօր` հունվարի 28-ին, ԵԽԽՎ-ում հրավիրված` Փարիզի ահաբեկչական գործողությունների թեմայով հրատապ քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանը, Արփինե Հովհաննիսյանն ու պատվիրակության ղեկավար` Հերմինե Նաղդալյանը` ևս մեկ անգամ եվրոպացիների ուշադրությունը հրավիրելով պատմության ընթացքում տեղի ունեցած և մեր օրերին դեռևս շարունակվող հայերի դեմ թուրքերի և ադրբեջանցիների կողմից իրականացվող ահաբեկչական ակտերի շուրջ: Հերմինե Նաղդալյանն իր ելույթում անդրադարձավ Բաքվի ջարդերին, Ադրբեջանի իշխանությունների կողմից տասնամյակներով քարոզած հայատյացության քաղաքականությանը: Ելույթում մասնավորապես ասված է. ,, Հարգելի գործընկերներ, Երբ Հալեպում, Քեսաբում, Դեր Զորում պայթեցվում էին քրիստոնեական եկեղեցիները, հայկական եկեղեցիները՝ նույն ձեռքն էր գործում, որ Փարիզի կենտրոնում գնդակահարեց ՛՛Շարլի Էբդո՛՛ երգիծաթերթի ծաղրանկարիչներին: Նույն ձեռքն է զազրելի հետևողականությամբ անապատում գլխատում խաղաղ մասնագիտության մարդկանց: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ահաբեկչությունը քաղաքական, տնտեսական, ռազմական խնդիրներ լուծելուց անցել է կրոնական պատերազմի՝ մուսուլմանները քրիստոնյաների դեմ: Բայց դա խաբուսիկ տպավորություն է: Քաղաքակրթությունների պատերազմ չկա: Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես ուզում եմ խոսել այսօրվա ու վաղվա մեր անելիքների մասին` միմյանց հասկանալու, միմյանց արժեհամակարգերը հարգելու, ավանդույթները գնահատելու անհրաժեշտության մասին: Թվում է՝ այնքան պարզ ու հասկանալի ճշմարտություններ են, որ նույնիսկ քննարկելը ավելորդ է, բայց այս պարզ ու հասկանալի ճշմարտությունները աշխարհում ամեն օր պարտվում են այս ու այն տեղ հնչող կրակոցների առաջ: Իսկ մենք դասեր չենք քաղում: Ընդամենը մի քանի օր առաջ լրացավ Բաքվի հայկական ջարդերի 25-ամյակը: Դա պետական ահաբեկչություն էր՝ կազմակերպված ու իրագործված ամենադաժան ու անմարդկային մեթոդներով: Ադրբեջանի Հանրապետության գործող իշխանությունը, այդպես էլ դատապարտումի կամ զղջումի մեկ բառ չգտավ վաղեմության ժամկետ չունեցող այն սպանությունների համար, որ արյունով էին ողողել Բաքվի փողոցները, որոնց մասին պարզ գրել է ադրբեջանցի վիպասան Աքրամ Այլիսլին: Ի պատասխան այսօրվա Բաքվում այրվեցին Այլիսլիի գրքերը, իսկ նա դավաճան ու ազգուրաց հռչակվեց: Զարմանալի չէ, որովհետև պետական ահաբեկչությունը Բաքվի համար շարունակում է մնալ հարևանների հետ հարաբերությունների առանցք: Ի՞նչ, եթե ոչ սեփական ժողովրդի նկատմամբ քաղաքական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի տասնամյակներով քարոզած հայատյացությունը և ամեն օր հնչող պատերազմի սպառնալիքները հարևան Հայաստանի հասցեին: Ի՞նչ, եթե ոչ ռազմական ահաբեկչություն է պաշտոնական Բաքվի ռազմական բյուջեի տարեցտարի բազմապատկումն ու հարձակողական զինատեսակների ձեռքբերումը: Ես սա ասում եմ սրտի խոր ցավով, որովհետև զոհվում են 18-20 տարեկան պատանիներ, թե հայեր և թե ադրբեջանցիներ, որ պիտի ապրեին ու ապրեին: Ու եթե մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, ի՞նչ են պաշտպանում մեր հարևանները: Տարածաշրջանում խաղաղությու՞նն ու կայունությու՞նը: Հայաստանն ու հայերին թիվ մեկ թշնամի հայտարարելու իրենց իրավու՞նքը, որպեսզի բոլոր ներքաղաքական ու սոցիալական խնդիրները թշնամու գոյությամբ արդարացնեն: Սթափվել է պետք: Նախորդ դարերի պատմությունը բոլորիս ապացուցել է, որ պատերազմներով, սպանություններով, ահաբեկչություններով լուծված խնդիրները կարճ կյանք են ունենում՝ մինչև հաջորդ պատերազմը, հաջորդ սպանությունն ու հաջորդ ահաբեկչությունը: Եվ եթե մենք ուզում ենք ազատվել այդ չարիքից, պիտի հասկանանք, որ ահաբեկչությունը ուրիշինը չի լինում, ուրիշի զոհ չի լինում, ահաբեկիչների արձակած կրակոցները ուղղված են բոլորիս դեմ՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից ու դավանանքից:,,