Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբեմն ինքս ինձանից զզվում եմ մեր իրականության պատճառով» (տեսանյութ)

Քաղաքականություն
Baxshyan

Հայոց բանակի կազմավորման 23--րդ տարեդարձի առթիվ այսօր Եռաբլուրում չհանդիպեցինք ոչ իշխանական ուժերին: Միայն «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էր այստեղ: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ անձնական ավանդույթ ունի` այս օրը լինել Եռաբլուրում. այստեղ են հանգչում եւ իր ընկերներից ու աշակերտներից եւ ազատամարտիկ Կարինեն,  որը իրենց դպրոցի հետ շատ կապված էր. «Ինձ պետք էր գալ այստեղ, որպեսզի ես այդ հուսահատության, դեպրեսիայի պահերը հաղթահարեմ: Ես գալիս եմ այստեղ, որպեսզի զորանամ, լիցքավորվեմ, հասկանամ` ով եմ, ինչ տեսակի ցեղ եմ, որովհետեւ երբեմն ես ինքս ինձանից եմ զզվում մեր իրականության պատճառով: Երբ գալիս եմ այստեղ, ասում եմ` չէ, այնքան էլ զզվելի չեմ, ոչինչ, արժե մի քիչ ինքս ինձ սիրել»: Նրա համար պարզունակ է հնչում, երբ վերջին շրջանում ակտիվացած ադրբեջանական դիվերսիաները հիմնականում իշխանությունները փորձում են կապել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հետ. «Օգոստոսին էլ էր այս նույն վիճակը, այն ժամնակ էլ, հո 100-ամյակ չէր: Ինձ թվում է,  որոշ պետական այրեր իրենց անգործությունը, մեղմ ասած՝  արդարացնում են այդ ձեւով,  բայց դա շատ ավելի լուրջ հիմքեր ունի, քան Ցեղասպանության 100-ամյակը: Ինձ թվում է  աշխարհում նոր բաժանումներ են կատարվում, որի մեջ մենք ծվեն, կուչ եկած, կծկծված, մեր պստիկ հողի վրա ուզում ենք մեր տեսակը պաշտպանել: Շատ դժվար է լինելու մեզ համար»: