Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» հայտարարում է. զինվորի մահը ծանր կորուստ է

Քաղաքականություն
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունենք շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին եւ ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն եւ բազկի զորություն: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները եւ պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները: Վերջին շրջանում եւ, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանում սանձարձակ հակառակորդը սաստկացրել է հայ զինվորների կյանք արժեցող միջադեպերը, ինչն արդարացի վրդովմունք ու անհանգստություն է առաջ բերել հասարակության շրջանում: Սահմանային դեպքերի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդհանրական ձեւակերպումները, իսկ որոշ դեպքում՝ ուղղակի անգործությունը, էլ ավելի են մեծացնում առկա լարվածությունն ու մարդկային կորուստների վտանգը: Զինվորի սպանությունը խիստ դատապարտելի երեւույթ է: «Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի է համարում հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երեք երկրների պատասխանատուների ամորֆ, իրավիճակը համահարթեցնող դիրքորոշումը եւ անհամարժեք արձագանքը ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների նկատմամբ: Այդպես թշնամին, որպես կանոն, ավելի է լկտիանում՝ ազատ զգալով իր հանցավոր գործողությունների մեջ: «Ժառանգություն» կուսակցությունը հայ զինվորի կողքին լինելու հաստատակամությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նահատակ զինվորների ընտանիքներին, ծառայակից ընկերներին եւ հարազատներին՝ կոչ անելով գործող իշխանություններին ու բոլորին, ձեռնարկել ամեն միջոց զինվորի մահը բացառելու համար: «Ժառանգություն» կուսակցության վարչություն