Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ տարով հետաձգվել են օրենսդրական մի շարք փաթեթներ

Քաղաքականություն
photo.php_

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշենք, որ օրենքի նախագիծը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Քննարկումների արդյունքում հեղինակի առաջարկով օրենսդրական փաթեթի քննարկումը մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է: Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Գագիկ Մելիքյանը նշել է, որ առաջարկված խմբագրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, տարընթերցումների եւ երկիմաստությունների շտկման անհրաժեշտությամբ: Կառավարությունը օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում: