Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցորենի ալյուրի հարստացումը հետաձգվել է մեկ տարով

Քաղաքականություն
index3

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Նշենք, որ կառավարությունն առաջարկում է ցորենի ալյուրը հարստացնել միկրոտարրերով, որի նպատակը որոշ միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները կանխարգելումն է եւ բնակչության առողջության բարելավումը: Փաթեթը քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է այն հետաձգել մինչեւ մեկ տարով: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա տեղեկացրել է, որ կանանց եւ երեխաների մոտ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի եւ քաշի խնդիրներ, ինչի համար էլ հարստացնում են ալյուրը: Նա նշել է, որ հետագայում թեմայի վերաբերյալ կհրավիրեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն մասնագետներ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատրաստալկամություն է հայտնել շարունակել ուսումնասիրություններն ու համատեղ աշխատանքը: Պատգամավորները քննարկել են նաեւ Արա Բաբլոյանի հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ այն հաստատությունները, որոնք գործունեության ընթացքում աղտոտում են շրջակայքը, կատարում են բնապահպանական վճարներ, որոնք ամրագրված են օրենքով: Նա տեղեկացրել է, որ թեեւ օրենքը սահմանում է այդ միջոցների օգտագործման ուղղությունները, սակայն հստակեցված չեն բնապահպանական եւ առողջապահական միջոցառումները: Ուստի առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական միջոցներն ուղղել առողջապահական առաջնահերթ խնդիրների լուծմանը: Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2015 թվականի փետրվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը: