Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քրեակատարողական համակարգում բուժանձնակազմի պակաս կա»

Հասարակություն
unnamed26

ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 2015 թվականի հունվարի 27-ին կնքվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը: Հուշագրի շրջանակում կողմերը կարևորել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտական անհրաժեշտ կադրերի պատրաստման կարևորությունը և այլն: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նախարար նշանակվելուց օրեր անց իր ուշադրության կենտրոնում է հայտնվել այդ ընթացքում մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ քրեակատարողական համակարգում բուժանձնակազմի պակաս կա, և քրեակատարողականների բժիշկները ֆիզիկապես չեն հասցնում օգնություն ցուցաբերել բոլորին: «Բացի մամուլի հրապարակումներից՝ մտահոգիչ էին նաև հասարակական դիտորդական խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունները, որոնք նույնպես անդրադառնում էին քրեակատարողական հիմնարկները բժշկական կադրերով համալրելու անհրաժեշտությանը: Ուսումնասիրելով հարցի էությունը, ինչպես նաև ստանալով բազմաթիվ նամակներ հենց քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանցից ու նրանց հարազատներից՝ որոշեցինք հարցին տալ համակարգային լուծում»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, հաշվի առնելով այս ամենը, բազմաթիվ աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում պայամանվորվածություն ձեռք բերվեց ՀՀ առողջապահության նախարարության և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ կնքելու համագործակցության հուշագիր, որով լուծումներ կտրվեն տարիների ընթացքում համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների: Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, որ իր անմիջական վերահսկողության տակ է պահելու հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ այս հուշագրով նախարարությունը կրկին ընդգծում է իր հաստատակամությունը որդեգրած քաղաքականության նկատմամբ: Նրա խոսքով՝ իրենք ևս անմասն չեն մնա քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքներում և կաջակցեն թե՛ խորհրդակցական, թե՛ տեղում բժշկական օգնություն տրամադրելու և թե՛ կադրերի վերապատրաստում իրականացնելու հարցում: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այս նախաձեռնությունը և այն հատկանշական համարել նպատակային կրթական ծառայությունների մատուցման տեսանկյունից: Ըստ նրա՝ այս ծրագիրը որոշակի պատվեր է ԲՈՒՀ-ին՝ պատրաստելու այնպիսի կադրեր, որոնք ապագայում պահանջված կլինեն աշխատաշուկայում: «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ծրագիրը պարտավորեցնող է: Նա հավաստիացրել է, որ հուշագրով նախատեսված բոլոր խնդիրները կլուծվեն: