Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ ԼՂՀ-ից՝ Ուրուգվայ

Պաշտոնական
լղհ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարին Հունվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նամակ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին։ Նամակում Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսին Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ արտահայտած վճռական դիրքորոշման համար։ «Ձեր ջանքերը, որոնք նպատակաուղղված են՝ խաղաղություն և կայունություն բերելու մեր տարածաշրջան՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա, մեծապես ողջունելի են և խրախուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրելու խաղաղության և անվտանգության մեջ, ազատ և ժողովրդավարական պետությունում», - նշված է նամակում։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Ուրուգվայ 2011 թ. և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օմար Օռիկո Միրալդիի այցը ԼՂՀ 2012 թ. նշանակալիորեն նպաստել են երկու երկրների միջև բարեկամության ամրապնդմանը և հրավիրել իր ուրուգվայցի գործընկերոջն այցելել Արցախ։ Հունվարի 4-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմեսը Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընդգծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ ԼՂՀ ԱԳՆ