Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհերի թիվն Ադրբեջանում իսկապես աճել է. ադրբեջանցի լրագրող

Քաղաքականություն
media3

«Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով «Մեդիա կենտրոն»-ում ընթացող քննարկման ժամանակ ադրբեջանցի լրագրող, քաղաքական վերլուծաբան Շահին Ռզայեվը ասում է. «Զոհերի թիվն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել և զինվորները մահանում են կռվում»: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ նախաձեռնությունը միշտ գալիս է Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ԼՂՀ հարցը լուծված չէ, սառեցված չէ»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի այս լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-ԼՂՀ շփման գծում, ինչի մասին խոսում է Պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել և պատասխանել Ադրբեջանին: «Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ երկու հիմնական, կարևոր գործոն ենք տեսնում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունը այնքան է մեծացել, որ զոհերի թվով է որոշվում»,- նկատում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: