Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե հոգեվերլուծության կարիք ունենայինք, կաթողիկոսին կհրավիրեինք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kostya

«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով ԱԺ լսումներին Գլխավոր դատախազը խոսեց շատ կարճ ու ըստ էության, որեւէ նորություն չասաց: Պատգամավորները սկսեցին նրան հարցեր ուղղել: Հերթաագրման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նիստը վարող ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին հորդորեց. «Պարոն Սահակյան  մեկ-մեկ էլ հետ նայեք»: Գեւորգ Կոստանյանը վստահեցրեց, որ ինքն անպայմանորեն դիմելու է ՌԴ դատախազին՝ գործի լիարժեք քննությունը հայկական կողմին հանձնելու համար. «Սակայն դա այն դեպքում, երբ վստահ լինեմ, որ մեր ակնկալած արդյունքը կստանանք, երբ ունենամ բոլոր անհրաժեշտ հիմքերը: Ես չեմ ուզում, որ մեր դիմումներն ու միջնորդություններն ինքնանպատակ լինեն»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դատախազին հարց ուղղելով, հայտարարեց, որ նրա նրա զեկույցը էմոցիաների, սրտի կսկիծների մասին էր, որոնք հոգեւորականի կամ պսիխոթերապեւտի խոսքեր էին. «Մենք ակնկալում էինք հաշվետվություն լսելու: Եթե մենք հոգեվերլուծության կարիք ունենայինք, մենք այստեղ կհրավիրեինք կաթողիկոսին, կամ նվազագույնը մի հոգեւորականի»:  «Կաթողիկոսին չեք կարող հրավիրել»,- նրան արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Տիկին Զոհրաբյանը նաեւ նկատեց, որ պարոն Կոստանյանը որպես տղամարդ հայտարարում էր՝ ՌԴ դատախազին դիմելու մասին. «Արդյոք  դա ինքնանպատակ հայտարարությո՞ւն էր, թե ոչ: Այդ ընթացքում հնչում էին գլադիատորական հայտարարություններ: Օրինակ՝ ոստիկանությունը հայտարարեց, եթե երկու ժամ առաջ գիտեին, որ Վալերի Պերմյակովը հատելու է սահմանը: Եթե գիտեիք, ինչո՞ւ չէիք ձերբակալել ու հանձնել ՀՀ իրավապահներին: Մեկ հայտարարություն էլ անեմ սուգ հայտարարելու աննպատակահարմարության մասին, թե մեզ մոտ նման ավանդույթ չկա: Նման հայտարարություններ անողները անպատասխանատու, անգրագետ մարդիկ են, որոնք քաղաքական սպեկուլյացիայով են զբաղված եղել ու իրենց տերերին սպասարկելու համար են ծառայել»: Գեւորգ Կոստանյանն ուղղեց Նաիրա Զոհրաբյանին՝ ասելով, որ ինքն իր հայտարարության մեջ կոչ արեց զգացմունքային արտահայտություններից զերծ մնալ. «Եթե ձեզ թվում է, թե ես նախաքննության գաղտնիք պետք է հրապարակեմ, ապա դուք ողջամտություն կունենայիք հասկանալ, որ դա ես չէի կարող անել: Քննչական գործողությունների հետագա պլանավորումն ու հետագա ընթացքը չէի կարող հրապարակվել, քանի որ դրանով ես կվնասեմ իրավական ընթացքին: Հետեւաբար հիմա էլ եմ ասում՝ ես չեմ հրապարակելու ու չէմ էլ կարող հրապարակել որեւէ հանգամանք: Ինչ վերաբերում է տղամարդկայնությանը, ապա մեր հասարակության մեջ աղավաղվել են տղամարդկության վերաբերյալ պատկերացումները: Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման որեւէ գործընթաց: Ես դիմելու եմ ՌԴ դատախազին»: