Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՂՎԱՆԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» ԲԱՆԱՁԵՎԸ

Տնտեսություն

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը հերթական անգամ Երեւանում է: Մեկ տարի տեւած նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են եւ վաղը ստորագրվելու է «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով համաձայնագիրը:

Ռուսաստանին ունեցած Հայաստանի մոտ 100 մլն դոլար կազմող պարտքը Հայաստանը վճարելու է գույքով: Ռուսներին փոխանցելիք ձեռնարկությունների նախնական ցանկը հետեւյալն է՝ Հրազդանի ՋԷԿ, մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ձեռնարկություն, «Մարս» գործարան, Նյութաբանության ինստիտուտ:

«Մինչեւ դեկտեմբերի 31-ը, հույս ունեմ ավելի շուտ, համապատասխան փաստաթղթերը կստորագրվեն եւ 2003թ-ի հունվարի 1-ից Հայաստանը Ռուսաստանին պարտք չի լինի», - ասում է Իլյա Կլեբանովը:

Իլյա Կլեբանովը «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց, որ պարտքը եւ գույքը պետք է համարժեք լինեն: Գործարքի վերջնական փուլում երկու երկրների կողմից ընտրված աուդիտորներն գնահատելու են հայկական ձեռնարկությունները: Կլեբանովը չի բացառում, որ իրենց փոխանցվող ձեռնարկությունները բարձր գնահատվեն եւ դրանց թիվը նվազի: