Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմնական կասկածյալը շարունակում է մնալ Վլադիմիր Գասպարյանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
նավակ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի փարատել շաբաթ օրը ծեծի ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի կասկածները։ «Հիմնական կասկածյալը իմ համար ինքն ա»,- «Ա1+»-ի հետ զրույցում շեշտում է Վիլեն Գաբրիելյանը։ Երեկ Գյումրիում ոստիկանապետն անդրադարձել էր ակտիվիստին դաժանաբար ծեծելու փաստին, ավելի ստույգ՝ Վիլենի այն հայտարարությանը, թե այդ ծեծը պատվիրել են Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ «Ես էնքան հնարավորություններ ունեմ, եթե իմ մեջ չարս լինի հա, որ ես օգտագործեմ դրանք...ես էնքան բաներ եմ տեսնում, որ ինչ ա ամեն օր պետքա մահակն առնենք, ընկնենք մարդու հետևից, տխմարություն ու տգիտություն ա»,-մասնավորապես ասել էր ոստիկանապետը։ Կապտուկների պատճառով Վիլենը տեսախցիկի առաջ չի հանում սև ակնոցը։ Դիմակավորված անձիք հունվարի 17-ին Եզնիկ Կողբացի փողոցում հարվածներ են հասցրել հիմնականում նրա գլխին և ոտքերին։ Նույնիսկ փորձել են առևանգել։ «Նավակ ճոճող» անունով հայտնի ակտիվիստը չի բացառում, որ իր վրա հարձակվել են ֆեյսբուքյան գրառումների պատճառով, որով Գյումրիի դեպքերից հետո նա խիստ քննադատել էր նաև ոստիկանությանը։ Նա կհրաժարվի Գասպարյանին ուղղված իր մեղադրանքներից միայն մի դեպքում. «Իմ համար մենակ մի բանով ա ապացուցվում, որ դա ինքը չի կատարել, եթե գործը բացահայտվում ա»։ Ըստ նրա՝ կան ապացույցներ, որոնք կօգնեն ոստիկանությանը բացահայտել գործը, եթե, իհարկե, վերջինս շահագրգիռ լինի։ Մանրամասները դիտեք տեսանյութում։