Ոստիկանությունը հաստատում է, որ մեծ թվով ոստիկաններ մեկնել են Գյումրի
«Ոստիկանության որոշակի քանակությամբ ծառայողներ մեկնում են Գյումրի պարզապես փոխարինելու այնտեղ գտնվող իրենց ծառայակից ընկերներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Տեղեկատվություն է շրջանառվում, որ քիչ առաջ սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ 6 ամսական փոքրիկի մահվան կապակցությամբ այսօր հնարավոր է Գյումրիում վերսկսվեն բողոքի ակցիաները։ «Ոստիկանությունը ենթադրություններով չի շարժվում. կարող եմ կրկնել միայն վերոնշյալը, որ գնում են իրենց ծառայակիցներին փոխարինելու։ Իսկ թե ինչ կապակցությամբ... ոստիկանությունը իր գործառույթները իրականացնելիս որոշ գործառույթներ չի հրապարակում՝ դրա անհրաժեշտությունը չկա»,-եզրափակեց պարոն Ահարոնյանը։ Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Երևանից ոստիկանության մեծ թվով ծառայողներ մեկնել են Գյումրի։ Այնտեղ է նաեւ ՀՀ ոստիկանապետը։