Կարողա ֆալշիվնի ռուս ա եղել. ազատամարտիկը՝ Գյումրու դեպքի մասին (տեսանյութ)
Տարվա առաջին 11 օրերի ընթացքում ադրբեջանական կողմից իրականացվել է 5 դիվերսիոն գործողություն։ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության անդամների կարծիքով՝ դա թուրքական կողմից է հրահանգված։ «Թուրքական կողմը երևի վարձու բանակ ունի, որի միջոցով պարբերաբար իրականացնում է դիվերսիոն գործողություններ սահմանին»,-նշել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ փոխնախագահ Արագած Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ պետք չէ վախենալ թշնամու գործողություններից։ «Եթե պատերազմ սկսվի, այն կավարտենք իրենց հողի մեջ։ Ադրբեջանը կդառնա երրորդ հայկական պետություն»,-շեշտել է պարոն Մկրտչյանը։ Նա վստահեցրել է, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն որևէ կուսակցության հետ կապ չունի։ Իրենք պատրաստ են ցանկացած պահի գնալ սահման և կռվել հակառակորդի դեմ։ «Մարդիկ կան՝ կազինոներ են սիրում, իսկ մենք մեր բանակն ենք սիրում»,-ընդգծել է կառույցի փոխնախագահը։ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանն էլ իր հերթին շեշտել է, որ թուրքերն, ամենայն հավանականությամբ, վախեցած են, քանի որ մոտենում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և դիմում եմ նման քայլերի։ «Մենք պետք է ամբողջ աշխարհին ասենք, որ ճանաչեն այդ ոճիրը»,-եզրափակել է պարոն Միքայելյանը։ Ազատամարտիկներն անդրադարձել են նաև Գյումրիում կատարված ողբերգական դեպքին, որի արդյունքում ընտանիքի վեց անդամներ սպանվել էին։ Թեև կասկածյալն ազգությամբ ռուս զինվորական է, բայց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահը հորդորում է դեպքը չկապել ազգային պատկանելության հետ։