Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ արագ եք մտնում». Հայաստանի դիվանագիտական 2014-ը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ETM-sign-1

2013-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը եւ միանալու է ԵՏՄ-ին։ Հենց դա էլ կանխորոշեց Հայաստանի դիվանագիտական 2014-ը։ Ռուսաստանն սկսում է խստացնել օտարերկրյա քաղաքացիների մուտքը իր երկիր, դա վերաբերում էր նաեւ հայաստանցիներին։ Չնայած դրան, Հայաստանը հրապարակում է Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը եւ դա զարմացնում է նույնիսկ ռուսներին։ «Շատ արագ եք մտնում»,-հունվարի 27-ին հիացած ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։ Հունվարի վերջին հայտնի է դառնում, որ Եվրամիության հետ առեւտրային բանակցությունները Հայաստանի փոխարեն այսուհետ կվարի Մաքսային միությունը, այսինքն, Մոսկվան։ Չեխիա մեկնած Սերժ Սարգսյանը Եվրոպային Հայաստանում ներդրումներ անելու կոչ է անում։ Հետագայում հայտնի է դառնում, որ նա Չեխիայում ապրող հայերին ասել էր, որ չի պատրաստվում պայքարել Հայաստանը քայքայած տնտեսական մենաշնորհների դեմ։ Հայաստանում սկսում է գործել ռուս-հայկական խորհրդարանական բարեկամության խումբը։ Կառավարությունը խոստովանում է, որ Մաքսային միության անդամակցումը կբերի ապրանքների գնի աճին։ (10.02.2014) Եվրոխորհրդարանը կոշտացնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Հայաստանին վերաբերող իր դիրքորոշումը, առաջին անգամ ասվում է, որ Հայաստանը ձախողում է բանակցությունները։ Մարտի 27-ին ՄԱԿ-ում Հայաստանը տոտալիտար մի շարք երկրների հետ միասին ամբողջությամբ պաշտպանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բոլոր գործողությունները։ Ամերիկան հիասթափված է։ Ապրիլի 1-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է Մաքսային միության անդամակցելու մեր ցանկության առաջին արդյունքները՝ Հայաստանում մոտ 35 տոկոսով կրճատվել են օտարերկրյա ներդրումները։ Արդեն ապրիլին Մոսկվան խորացնում է Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Եվրամիությունն սկսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ղրիմը բռնակցելու համար։ Ապրիլի վերջին Բելառուսն ու Ղազախստանը դժգոհում են Ռուսաստանից ԵՏՄ-ում նրա թելադրող քաղաքականության պատճառով։ Հայաստանում տագնապային տրամադրություններ չկան։ Եվրամիությունում աղոտ հույսեր կան, որ իրենք դեռ անելիք ունեն Հայաստանում։ «Բայց արդեն ծիծաղելի չէ»,-հայտարարում է Շտեֆան Ֆյուլեն։ Ռուսաստանի դեսպանը մեր իշխանություններին առաջարկում է չեզոքացնել այստեղ գործող հակառուսական հասարակական կազմակերպություններին։ «Ախորժակիդ քացախ»,-հակադարձում են հ/կ-ները։ Հայաստանում Սերժ Սարգսյանի հրաժարականի չդադարող պահանջների ֆոնին սահմանի ամբողջ երկայնքով 2014-ի ամռան առաջին երկու ամիսը լարված է։ Ադրբեջանը դիվերսիոն մի շարք գործողություններ է սկսում, հիմնականում՝ անհաջող։ Համանախագահներն անհանգիստ են, հրադադարը հարգելու ոչ մի կոչ չի ազդում։ Գործին միջամտում է Ռուսաստանի նախագահը։ Օգոստոսի 9-ին Սոչիում նա հանդիպում է Սարգսյանի եւ Ալիեւի հետ։ Լարվածությունը թուլանում է։ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներն զգացնել են տալիս, կտրուկ պակասում են խոպանից ուղարկվող տրանսֆերտները։ Պատժամիջոցները սակայն ավելանում են։ Կտրուկ ընկնում է նավթի գինը։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է, որ Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի տակ։ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարում է՝ եթե չստորագրեք, ձեր պետականության ապագան կդրվի հարցականի տակ։ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ասում է, որ կստորագրեն։ Ավելի վաղ ռուս մի լրագրող էր հայտարարել՝ տվեք ռուսաց լեզվին պետական կարգավիճակ, որ ձեր անվտանգությունը չտուժի։ Մի քիչ ավելի վաղ Ղազախստանի նախագահն էր կարդացել Իլհամ Ալիեւի նամակ-մտահոգությունը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Ղարաբաղը Մաքսային Միության հետ գործ չունի։ Արժույթի միջազգային հիմնադրամը սեպտեմբերի վերջին նկատում է, որ Հայաստանին սպասվում են դժվարին ժամանակներ։ Մաքսային Միության անդամ երկիր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հոկտեմբերի սկզբին հայտարարում է, որ Իլհամ Ալիեւի հետ իր մտերմությունը արդեն միջպետական է։ Հայաստանը հոկտեմբերի 10-ին միանում է Եվրասիական տնտեսական միությանը։ Ռուսաստանը Հայաստանում զորավարժություններ է անցկացնում առանց հայկական կողմի մասնակցության։ Հայաստանում զգացնել են տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Տրանսֆերտները շարունակում են կրճատվել։ Եվրամիությունում հայտարարում են, որ դեռ չեն մոռացել Հայաստանին։ Ի պատասխան, դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը հաստատում է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը։ Հայ-ադրբեջանական սահմանի դեռեւս ոչ ամբողջ երկայնքով, բայց սկսվում է ադրբեջանական դիվերսիոն գործողությունների երկրորդ ալիքը։