Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը վերջին օրն է դիմում գրելու և գումարները ետ ստանալու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
dem2

Դեկտեմբերի 25-ը վերջնաժամկետ է 1974 հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնվածների համար: Կառավարության որոշմամբ` մինչ այդ օրը դիմում պետք է գրեն մասնավոր հիմնարկների աշխատողները, որոնք ուզում են հրաժարվել պարտադիր սոցիալական նպաստ վճարելուց, եւ պետական համակարգի այն աշխատողները, որոնք պահանջում են վերադարձել հունվարի 1-ից հուլիսի 1-ը կատարված վճարները: «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Սեւակ Ծատուրյանը զանգահարել է ԵՊՀ եւ փորձել ճշտել` ինչպես է գործընթացն ընթանում. «Ինձ հայտնեցին ԵՊՀ-ից` եթե ես ուզում եմ ազատվել, պետք է զրույց ունենամ բուհի պրոռեկտորի հետ` նրա համաձայնությունն ունենալու համար: Իսկ հարցին, թե դա օրենքով նախատեսված ընթացակա՞րգ է, թե իրենց որոշումն է, պատասխանեցին, որ իրենց որոշումն է: Փորձում են ինչ-որ միջոցներով ճնշել դասախոսներին«.- ասում է ԴԵՄ ԵՄ»-ի անդամ Սեւակ Ծատուրյանը: Նույն խոչընդոտներն, ըստ նրա, մասնավոր հիմարկներում են. «Փորձում են առանձնազրույցների միջոցով հետ պահել աշխատողներին այդ քայլերից»: Դիմում գրելիս բանկ պետք է ներկայանալ անձնագրով, սոց. քարտով։ Գումարները կվերադարձվեն 2015թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսը 1-ը: 6 ամսում պարտադիր պահված կուտակային գումարները վերադարձնելիս կատարվում է մինչեւ 2 տոկոս գանձում. «Այդ գումաները կառավարումից հանելը ենթադրում է որոշակի վարչական ծախսեր, այսինքն` կատարվում է փայերի մարում: Այդ 2 տոկոսը վերաբերում է հենց այդ փայերի մարման արժեքին»,- ասում է ԿՀԻԿ հիմնադրամի հաղորդակցության եւ տեղեկատվության կառավարման գծով տնօրեն Պերճուհի Պետրոսյանը: Թե որքան դիմումատու է եղել կենտրոնական դեպոզիտարիայից՝  հրաժարվեցին ասել, պատճառաբանելով, որ իրավասու չեն տրամադրել այդ տեղեկատվությունը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հավաստիացումը, թե համակարգին միացել է 100 հազար մարդ, «ԴԵՄ ԵՄ»-ի անդամ Սևակ Ծատուրյանը տարօրինակ է համարում. «Եթե ճիշտ ստատիստիկա էին ուզում, ապա պետք է թողնեին մարդկանց, իրենց կամքը արտահայտեին, ինչն ամենասկզբից չպահեցին»,- ասում է նա: Ի դեպ, ոչ ԿԳՆ-ն, ոչ Ֆինանսների նախարարությունն այդպես էլ չեն պատասխանել «ԴԵՄ ԵՄ»-ի նամակներին, որոնցով պահանջում էին լուծում տալ համատեղության կարգով աշխատող երիտասարդ դասախոսների խնդրին: