Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՏՄ հիմնադիր անդամների ջրերը մի առվով չեն հոսում (տեսանյութ)

Քաղաքականություն
index3

«Ռուսաստանն իրեն պահեց անպարկեշտ՝ արգելելով (բելառուսական-խմբ) բազմաթիվ ձեռնարկությունների արտադրած մթերային ապրանքների տեղափոխումը Ռուսաստան»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոյին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառում Բելառուսի նկատմամբ Ուկրաինայի հետ հարաբերությունների պատճառով. «Ռուսաստանը գնացել է բոլոր պայմանավորվածությունների խախտմանը, որ կայացրել ենք Մաքսային Միության շրջանակներում»։ Ղազախներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զայրացրել է անձամբ։ Վերջինս ընդհանրապես կասկածի տակ է դրել ղազախ ժողովրդի պետականության արմատները, թեպետ փորձել է հաճոյախոսել Նազարբաեւին. «Ինքը փաստորեն պետություն է ստեղծել այն տերիտորիայի վրա, որտեղ պետություն չի եղել երբեւէ։ Ղազախները պետություն չեն ունեցել, ինքն այն ստեղծել է»։ Պուտինի այս հայտարարությունը զայրացրեց նույնիսկ Բելառուսի նախագահին։ Նազարբաեւը այստեղ նկատեց ակնարկ հենց իր երկրի պետականության հանդեպ։ Մեր նախնիները թյուրքական ժողովուրդներն են, եւ մենք 550 տարեկան ենք,-հակադարձեց նա Տպագրվեցին քարտեզներ Վլադիմիր Պուտինին հիշեցնելու համար, որ այդ ռուսներն են թյուրքական պետականության լծի տակ ապրել։ Նազարբաեւն Ուկրաինայում հայտարարեց, որ այսպես շարունակվելու դեպքում դուրս կգան ԵՏՄ-ից. «ԵՏՄ-ն եւ Մաքսային միությունը իմ գաղափարները չեն, դրանք ի միջիայլոց նրա գաղափարներն են, դրանք ես չեմ մտածել, ինքն է մտածել»։ Անձնական հանդիպումներում սակայն այս կրակոցները մի կողմ են մնում, Նազարբաեւը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարում է, որ գրեթե հավերժական ստրատեգիական գործընկերներ են։ Լուկաշենկոն երբեմն հիշում է, որ Արեւմուտքը փորձում է կռվացնել Ռուսաստանին ու Բելառուսին. «Բոլոր դժվար իրավիճակներում մենք լինելու ենք Ռուսաստանի հետ»։ Չնայած դրան, Բելառուսն արդեն նոր հարաբերություններ է ստեղծում Ուկրաինայի հետ. «Մեզ ոչ ներքին թշնամիներ են պետք, ոչ էլ՝ արտաքին»,-հայտարարում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ղազախստանը սեփական երկրի անվտանգության համար նոր գործընկերներ է փնտրում. «Մեր մեջ պետք է ապրի շանհայյան ոգին»՝ ասում է Նազարբաեւը։ Ի՞նչ գործ ունի Հայաստանն այսպիսի տնտեսական, մարդկային եւ քաղաքական խնդիրներ ունեցող կառույցի եւ նրա ղեկավարների հետ։ Այսօր Մոսկվա կմեկնի Սերժ Սարգսյանը, որտեղ նա կհանդիպի ԵՏՄ երկրների ղեկավարների հետ։