Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

600 զինծառայող 5-օրյա արձակուրդ է ստացել

Հասարակություն
պն1

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014թ.-ին նախատեսված ծրագիրը: Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: ՀՀ և ԼՂՀ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության ու «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Իսկ «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մի շարք զինծառայողներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ: Հանդիսավոր միջոցառման շրջանակում ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով: Շնորհակալագրերն անձամբ հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտանիքիներին՝ հայրենասեր ու հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար: Հարկ է նկատել, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով: