Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակ Տր. Հրիսթեային՝ բռնարարքների վերաբերյալ. ստորագրահավաքը շարունակվում է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
eahk

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար պարոն Տրայան Հրիսթեային Բաց նամակ ՀՀ ոստիկանության պետի և նրա տեղակալի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ: Մեծարգո պարոն Հրիսթեա, Եվրոպական միությունը արժեքավոր գործունեություն է իրականացնում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձեւավորման և ամրապնդման, խաղաղ հավաքների ազատության, միջմարդկային հարաբերությունների զարգացման համար: Պատվիրակության հիմնական նպատակն է շարունակել սերտ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ իշխանություների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Չնայած երկար տարիներ Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվող բարեփոխման ծրագրերին` վերջին շրջանում քաղաքացիական հասարակության, ինչպես նաև հասարակական և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող բացահայտ սպառնալիքներն ու բռնություններն անհրաժեշտություն են առաջացրել վերագնահատելու ԵՄ կողմից լավ կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների և ներդրված ֆինանսական միջոցների ծախսման արդյունավետությունը: Մասնավորապես, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինները հանդես են գալիս որպես քաղաքացիական հասարակության և քաղաքական այլակարծության բռնաճնշումների գործիք, ինչը կասկածի տակ է դնում լավ կառավարման հարցերի առնչությամբ տարված աշխատանքի արդյունավետությունը և դրա շարունակման նպատակահարմարությունը: Առկա են ողջամիտ կասկածներ, որ վերջին օրերին հասարակական և քաղաքական գործիչների, այդ թվում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնություններն իրականացվել են ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա տեղակալ Լևոն Երանոսյանի անմիջական հրահանգով կամ թողտվությամբ: Ավելին, գործող քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հնչեցրած սպառնալիքներն ու հայտարարությունները ևս վկայում են, որ բռնությունների այս շղթան քաղաքական բնույթ ունեցող, ծրագրված և նպատակամղված գործողությունների շարք է, որը համակարգվում է պետական ուժային կառույցերի կողմից: Նշված ողջամիտ կասկածները հիմնվում են հետևյալ անառարկելի փաստերի վրա՝ 1. 26.11.2014 թվականին, ելույթ ունենալով ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողովում, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, թե ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը և քաղաքական-հասարակական կազմակերպությունները, որոնք ընդդիմադիր են:

  1. «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակված և չհերքված տեղեկատվության համաձայն, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանին եւ «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար, նշելով. «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»: Երկու օր հետո Երանոսյանը լրագրողի հետ հարցազրույցում պնդել է իր խոսքը, և ավելին՝ անթաքույց սպառնացել է հաշվեհարդար տեսնել նաև իրեն անբարեհաճ մարդկանց ընտանիքի անդամների նկատմամբ. «Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:
  2. ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), ում վարորդը եղել է պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում գործած անձը, հայտարարել է. «Ով ինչ անի, իրա պատասխանը պիտի ստանա՝ անկախ նրանից՝ ազատամարտիկ ա, սովորական քաղաքացի ա, թե պաշտոնյա ա: Ով որ իրան նորմալ չի կարում պահի, մենք կարող ենք հանգստացնել»։
  3. Նույն՝ իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Սեյրան Սարոյանը, Ազգային ժողովի հարթակից հայտարարել է. «Մենակ ասում են ընչի ա բռնություն էղել, ընչի են Արամին խփել, չեն ասում՝ ընչի են հայհոյում: Շատ վատ են անում: Ու թող քննեն: Մի թասիբով տղա կար… մեր գլխավոր հրամանատարն է, կարան մեր քրֆեն, ու ասեն դեմոկրատիա ա: Հիմա ես մեր քրֆեմ, գան ինձ ապտակեն, էղավ դեմոկրատիա՞: Արամ Մանուկյան, ընչի՞ էիր քրֆում, որ գան չափալախեն: Հիմա դու քրֆում ես, պատասխան տալը չգիտե՞ս: Արամը քֆուր ա տվել, թող Արամն էլ պատասխան տա»: 5. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել է. «Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր»: ԱԱԾ տնօրենը հայտարարել է. «Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար: Սա սպառնալիք չէ, սակայն նախազգուշացնելու անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»:
Ներքոստորագրյալներս գտնում ենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և վերջինիս տեղակալ Լևոն Երանոսյանը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով նրանց վրա դրված պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են քաղաքական գործունեությամբ և, իրենց լիազորությունները չարաշահելով, ահաբեկում են գործող իշխանության քաղաքական հակառակորդներին: Նույն կերպ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս անթաքույց սպառնալիքների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության նկատմամբ: Անկասկած, ԵՄ-ն մեծածավալ աշխատանք է կատարում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և կայացման համար: Սակայն սույն նամակում մատնանշված իրադարձությունները վկայում են, որ ԵՄ ֆինանսական միջոցները ոչ թե նպաստում են այդ հաստատությունների կայացմանը, այլ ընդհակառակը՝ օգտագործվում են կոռումպացված համակարգի ամրապնդման, պետական ահաբեկչությունը հովանավորելու և ոստիկանության համար հատուկ միջոցներ ձեռք բերելու համար: Մենք բարձր ենք գնահատում բռնարարքների անհապաղ բացահայտմանն ուղղված ԵՄ պատվիրակության հայտարարությունը, սակայն գտնում ենք, որ բռնությունների դադարեցմանը և մեղավորների պատժմանը հնարավոր է հասնել միայն համակարգի կայունությունն ու բարեկեցությունն ապահովող միջազգային ֆինանսական ներհոսքերը ժամանակավորապես դադարեցնելու ճանապարհով: Մեծարգո պարոն Հրիսթեա, hիմք ընդունելով ներկայացված փաստերը՝ ակնկալում ենք, որ Դուք առավել հետևողական կլինեք Հայաստանում ԵՄ կողմից իրականացված ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար` նպատակ ունենալով կենսագործել ԵՄ նպատակներից բխող առաքելությունը` ժողովրդավարական կառավարման գործում: Ուստի, Ձեզ հորդորում ենք միջոցներ ձեռնարկել կասեցնելու համար լավ կառավարման և ժողովրդավարական հաստատությունների զարգացման նպատակով ԵՄ կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվող ֆինանսական բոլոր հատկացումները, քանի դեռ՝
      ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի ազատվել իր զբաղեցրած պաշտոնից,
 
      2. փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ չի հարուցվել քրեական հետապնդում,
 
    3. ՀՀ գլխավոր դատախազը Ազգային ժողովում հանդես չի եկել իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Առաքել Մովսիսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նախաձեռնությամբ՝ իր վարորդի կողմից կատարված արարքին հանցակցության համար:
Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Արտ լաբորատորիա հասարակական կազմակերպություն Սոցիոսկոպ հասարակական կազմակերպություն Էկոլոգիական իրավունք հասարակական կազմակերպություն «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնություն