Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախատոնական անակնկալ՝ սահմանապահ զինվորներին

Քաղաքականություն
post7

Դեկտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Շնորհակալ եմ Քեզ Հայ Զինվոր» ակցիան՝ սահմանային զորամասերում ծառայող զինվորների համար: Քաղաքացիները հնարավորություն  ունեցան  ժամը՝ 12:00-17:00-ը  փոքրիկ նվերներ բերել սահմանը հսկող  զինվորների համար, ինչպես նաև  շնորհավորել Ամանորը  և Սուրբ Ծնունդը: Civil Voice ՀԿ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նունե Ավետիսյանն ընդգծեց, որ  այս անգամ նույնպես  հասարակության ակտիվության պակաս չի  նկատել: «Մեզ արդեն միացել են երեք տասնյակից ավել հասարակության շրջանում հայտնի անձիք՝  երգիչներ, դերասաններ, լրագրողներ, հաղորդավարներ և այլք: Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ միացան նախաձեռնությանը: Նրանք իրենց երախտիքի խոսքն են հայտնել  սահմանին կանգնած զինվորներին: Դա շատ ոգևորիչ է, նախորդ փորձը ցույց տվեց, որ զինվորներն իրենց շոյված ու գնահատված են զգում: Ի վերջո, նվերները խորհրդանշական բնույթ են կրում, այստեղ ընդգծվում է զինվորներին գնահատելը, նրանց մեր սերը, ջերմությունն ու աջակցությունը փոխանցելը»,-ասաց Նունե Ավետիսյանը: Դեկտեմբերի 23-ին հավաքված նվերները կհասցվեն հասցեատերերին: Ի դեպ, ակցիայի շրջանակում  տեսագրված շնորհակալական խոսքերը և ամանորյա մաղթանքները  կլսեն բոլոր զինվորները: Ակցիայի նախաձեռնողները պատրաստվում են DVD սկավառակների  միջոցով այն հասցնել զորամասեր՝ մինչև Ամանոր: