Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեգործական համերգի հասույթը փոխանցվելու է հաշմանդամ զինվորին

համ

Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Նվիրիր հույս» խորագրով բարեգործական երկրորդ համերգը: Այն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր պատասխանատու Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ : Համերգի սկզբում ողջույնի ու օրհնության խոսք ասաց Տ. Նավասարդ Սրբազանը՝ ի մասնավորի ասելով. «Օրհնյալ և պտղաբեր է «Նվիրի՛ր հույս» ձեռնարկումը: Դուք՝ հույսի նվիրատուներդ, մեկ անգամ ևս նախանձախնդրորեն հանձնառու եղաք այնպիսի բարեգործական հավաքի, որը «Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս ԻԲ 39) տերունական պատգամի վկայությունն է և քրիստոնեական սիրո լրումը: Ձեր ջանասիրությամբ և բարի գործերով է կառուցվում հավատքի, հույսի և սիրո հարամնա կամուրջը, որ կապում է մեզ երկնքի հետ: Լինում են պահեր, երբ մեր կյանքը կորցնում է իր փայլը, շուրջն ամեն ինչ խավարում է, և մենք անհուսալիորեն ճնշվում ենք ու խեղճանում: Ամենուր թագավորում է անհուսությունը, և խտանում են մեր հոգու ներկապնակի գույները: Ավետարանը սովորեցնում է. այս ամենից դուրս գալու ելքը չհուսալքվելն է, քանզի «հույսը չի ամաչեցնում» (Հռոմ. Ե 5): Նա, ով ունի այս մտածումը, կարող է տոկալ և հաղթանակել: Հույսն առավել է, այն լույսին հավասարազոր է, և խավարը փախչում է նրանից: Ապրենք հավատքով, հույսով և սիրով առլեցուն մի կյանք: Սիրո կենդանարար շնչով զորակից լինենք քաղցածին, հիվանդին, օտարին, ծարավին և նեղության մեջ եղողին: Սերն է միության կապը և զորության աղբյուրը: Ի՞նչը կարելի է համարել առավել մեծ եղբայրասիրություն, եթե ոչ քրիստոնյաների միաբանական ծառայասիրությունը: Եկեք աղոթենք միասնաբար, որ Աստված Իր Ամենախնամ Աջով խաղաղ պահի մեր Հայրենիքի սահմանները: Թող 2015 թվականը մեր պատմության էջերում ամրագրվի հայոց ազգի միասնականության, ոգու ամրության և հզորացման տարի: Եվ թող պտղաբերեն Հավատքի, Հույսի, Սիրո ու Բարության անդաստանները՝ ի շենություն և բարօրություն Հայրենիքի և Հայոց ազգի: Ամեն»: Համերգին մասնակցում էին «Նուբար», «Վան», «Մասունք», «Վերադարձ» երգի-պարի և Ջիվանու անվան աշուղական դպրոցի «Հավասի» երիտասարդական աշուղական համախմբերը: Տեսաշարով ներկայացվեցին Արևմտյան Հայաստանի մի քանի վիլայեթների մշակույթը, պատմությունն ու առանձնահատկությունները: Բարեգործական այս ձեռնարկը նվիրված էր հատուկ կարիք ունեցող մարդկանց, և ողջ հասույթը տրամադրվելու է ծառայության ժամանակ վիրավորված հաշմանդամ զինվորին: «Նվիրիր հույս» բարեգորական առաջին համերգի հասույթը տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ընտանիքներին:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին