Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ թենիսի մեծ խնդիրները (տեսանյութ)

Սպորտ
screenshot00005

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի՝ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում կազմակերպության գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը ամփոփեց մրցաշրջան-2014-ը: Ըստ նրա ՀԹՖ-ին այս տարի հաջողվել է ավելացնել թենիս պարապողների թիվը: Սակայն երբ եկավ հարց ու պատասխանի ժամանակը, պարզվեց, որ Հայաստանում մեծ թենիսը մեծ թվով խնդիրներ ունի: Առաջին խնդիրը ֆինանսների պակասությունն է: Հայաստանի կառավարությունն օգնության կարգով թենիսին տարեկան տրամադրում է 5 մլն դրամ, ինչը բավականացնում է միայն հանրապետական առաջնության եւ մի քանի միջազգային պատանեկան մրցաշարերի անցկացմանը: Իսկ Հայաստանի հավաքականները Դեւիսի գավաթին եւ Ֆեդերացիայի գավաթի մրցումներին մասնակցում են ՀԹՖ նախագահ Հարություն Փամբուկչյանի ֆինանսական օգնությամբ: Պարզվում է, որ Հայաստանում գործում է թենիսի մեկ մարզադպրոց, որը ֆինանսավորվում է պետության կողմից: Թենիսի մյուս ակումբները մասնավոր են եւ վճարովի, ուստի մեր թենիսիստների համար խնդիր է մարզվելու համար կորտեր վարձակալելը: Ֆեդերացիան չունի պաշտոնական հովանավոր եւ գոյատեւում է ի հաշիվ անդամավճարների, որոնք տարեկան կազմում են ընդամենը 1 մլն դրամ, եւ նախագահի տրամադրած գումարների: Հայաստանը վաղուց չունի ներկայացուցիչներ պրոֆեսիոնալ թենիսում, իսկ հանրապետության տղամարդկանց առաջնությունում չեմպիոն է դարձել 34-ամյա հեռուստամեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, որը 10 տարի ընդմիջումից հետո է վերադարձել կորտ: Գեւորգ Կարամանուկյանը, խոսելով 2015 թվականի պլանների մասին ասաց, որ ֆեդերացիան մշակել է հատուկ մինի թենիսի ծրագիր, որի նպատակն է մասսայականացնել մեծ թենիսը երեխաների շրջանում: Թե որքանով կիրականացվի այդ ծրագիրը, ցույց կտա ժամանակը, սակայն մեծ թենիսը հաստատ լուրջ ուշադրության կարիք ունի Հայաստանի Հանրապետությունում: