Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոլարի նվազումից էլ դեղերը չե՞ն էժանանա (տեսանյութ)

Հասարակություն
dexer

Մի քանի շաբաթվա ընթացքում դեղերը Հայաստանում թանկացել են 3-ից 18 տոկոսով։ Դեղերի թանկացումը միայն փոխարժեքային տատանումներով չի պայմանավորված։ Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը պատճառներից մեկն էլ համարում է նոյեմբերի 1-ից կիրառության մեջ մտած դեղերի դրոշմապիտակավորումը պարտադրող օրենքը։ «Այդ դրոշմապիտակները պարտադրելը դեղամիջոցների դեպքում անիմաստ է, այսինքն՝ ի տարբերություն լիմոնադների կամ շամպունների ներմուծման ժամանակ, դեղերը երեք անգամ են վերահսկողություն անցնում»,-ասում է նա։ Այդ գործընթացը ֆինանսական նոր ծախսեր է առաջացրել, ընդհուպ նոր աշխատուժի անհրաժեշտություն։ «Եթե առաջ, ասենք, հիվանդանոցից զանգում ասում էին, օրինակ 13 տեսակի դեղ են ուզում և պիտի հավաքագրվեր էդ զամբյուղը, և արագ կես ժամվա կամ մեկ ժամվա ընթացքում հիվանդանոց հասցվեր, հիմա դա ուղղակի անհնար է, որովհետև 13 տեսակի դեղից 4 հատը կարող ա դրոշմապիտակավորված է, իսկ մնացած 8 հատը՝ դեռ ոչ», նկատել է տալիս Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրենը։ Դրամի արժեզրկման պարագայում էլ բարձրանում է նաև տեղական դեղերի ինքնարժեքը, քանզի հումքը ներկրվում է։Սամվել Զաքարյանը այս կապակցությամբ նշում է. «Չենք կարող կռահել, թե ինչքան կբարձրանա արժույթը, և ըստ այդմ էլ ինչքան կբարձրանա դեղամիջոցների գները, բայց դրոշմապիտակավորման կարգավորման գործընթացի հետ պարզ կլինի, թե ինչքան տարածքներ են ձեռք բերել, ինչքան աշխատուժ են ընդունել և ինչքան տոկոս է կազմում հենց դրոշմապիտակավորմումը։ Բայց կարող եմ ասել, որ 3 տոկոսից հաստատ ավել է»։ Հակառակ սրա, Առողջապահության նախարարությունը պնդում է, թե նոյեմբերի 1-ից դեղերի գների փոփոխություն չի նկատվել։ Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվել է նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է փոխարժեքային տատանմամբ։ Ըստ նախարարության՝ նրանք, ովքեր դեղերի գնի աճը փորձում են ներկայացնել, որպես դրոշմապիտակավորման պարտադիր պահանջի հետևանք, մեղմ ասած՝ անկեղծ չեն։