Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վեր ընգի տեղդ, արա». Առաքել Մովսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
shmays-shamshyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին, բացի վարկային համաձայնագրերի քվեարկություններից, հաստատվեցին նաեւ գործադիրի ներկայացրած այլ որոշումներ: Վարման կարգի հետ կապված ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ԱԺ նախագահի ընթերցած հայտարարության տեքստը կարելի է համարել խմբակցության հայտարարություն: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այդ հայտարարությունն արժեք կունենար, եթե դա աներ ԱԺ-ն, այլ ոչ թե խմբակցությունը. «Եկեք միասին աշխատենք»: Երբ քվեարկության էր դրվում ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսային կարգավորումների փաթեթը, Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ դեմ լինելով ԵՏՄ-ին՝ իր պարտքն է համարում մասնակցել այս  նիստին, որպեսզի այդ փաթեթին դեմ քվեարկի. «Ես հարգում եմ ցանկացած քաղաքական ուժի, որը դիմում է բոյկոտի մեխանիզմին, քանի որ այն ծայրահեղ քայլ է: Սակայն այս դեպքում անիմաստ եմ համարում բոյկոտը, քանի որ մեր դիրքորոշումը ԵՏՄ վերաբերյալ պետք է ցուցաբերենք ու խուսափողականությունն այս պարագայում անընդունելի է»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշեց, որ այսօր ԱԺ-ն եւս մեկ անգամ փորձ է անելու մեր անկախությունը վաճառքի դնել. «Ես եկել եմ դրան դեմ արտահայտվելու, քանի որ ՌԴ տնտեսությունը գահավիժում  է, ու ՀՀ-ն հիմա պիտի դաշնակցի այդ միության հետ: Մենք որեւէ անելիք չունենք այդտեղ. ՀՀ-ին բռնակցելու փորձ անելը ուղղակի անգործություն է: Խոսքեր դժվար  է գտնել՝ ձեզ չվիրավորելու համար, սակայն ՀՀ-ն դուք տանում  եք կործանման»: «Կարեւորը՝ բոյկոտից դուրս եկաք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Խաչատուր Քոքոբելյանը հորդորեց, որ այդ հարցի քվեարկությունը հետաձգվի մինչեւ Ղազախստանն ու Բելառուսը հաստատեն մեր անդամակցության պայմանագիրը: Մաքսային կարգավորումների փաթեթն անցավ  70 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Զարուհի Փոստանջյանը կրկին վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ հենց նոր ԱԺ-ն քվեարկեց մի օրինագծի կողմ, որը հայ ժողովրդի շահերին դեմ է. «Դուք տեսնում եք դոլար-դրամի հետ ինչ է  կատարվում...»: Նրա խոսափողն անջատեցին: «Խնդրում եմ անջատել, քանի որ դուք արդեն պրովոկացիա եք անում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Տիկին Փոստանջյանը շարունակեց խոսել անջատված խոսափողով. «Վարման կարգի հետ կապված եմ ուզում խոսել: Լավ չե՞ք լսում»: «Վեր ընգի տեղդ, արա»,- ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ գոռաց ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նիկոլ Փաշինյանն այդ պահին փորձում էր պաշտպանել Զարուհի Փոստանջյանին: Գալուստ Սահակյանը ի վերջո որոշեց ձայն տալ տիկին Փոստանջյանին, մինչ պատգամավորը կողմնորոշվում էր՝ ինչ պետք է ասի, պարոն Սահակյանը կրկին անջատեց նրա խոսափողը։ Քիչ անց Գալուստ Սահակյանը, հերթական որոշումները քվեարկության դնելով, շփոթվեց ու ընթերցեց արդեն քվեարկված մի որոշման անվանում. «Փոստանջյանը խանգարեց. երեւի ճիշտ կլիներ՝ ձայն տայի, բայց չեմ տա»: