Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները շարժվում են դեպի ոստիկանություն, ապա՝ Բաղրամյան 26

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM84330-copy

Այս պահին Ավ. Իսահակյանի արձանի մոտից մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են քայլերթով շարժվել դեպի Նալբանդյան փողոց՝ ոստիկանության շենք, այնտեղից էլ՝ դեպի Բաղրամյան 26։ Այսկերպ նրանք իրենց բողոքի ձայնն են արտահայտում վերջին օրերին տեղի ունեցող բռնարարքների առնչությամբ. նախախորհրդարանի անդամների մեքենաները հրկիզելու դեպքերին, ազատամարտիկների ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություններին։ Ակցիայի մասնակիցները «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք են հայտնում, որ սա իշխանությունների կողմից նախօրոք մտածված եւ կազմակերպված հանցավոր քայլ է, որը նպատակ ունի երկրում վախի մթնոլորտ ստեղծել։ Ակցիայի մասնակից Վահագն Մինասյանը շեշտում է, որ եթե ոստիկանությունը իսկապես շահագրգռված լիներ դեպքերը բացահայտել, ապա հնարավոր չէր լինի ընդամենը 50-80 հազար դրամով ազատ արձակել Արամ Մանուկյանի վրա հարձակում գործելու մեջ մեղադրվող անձին։ ՀԱԿ անդամ Արեգ Գեւորգյանը կարծում է, որ այս դեպքում ոստիկանության քայլերը համարժեք չեն, քանի որ ոստիկանապետը իրավունք չունի այնպիսի հայտարարություններ անել, որոնք չեն բխում գործի բացահայտման ուղղությամբ նրա շահագրգռվածությունից։ Ըստ նրա՝ սա երկրում անառողջ մթնոլորտի հետեւանք է։