Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհ դաշնակահարը Հայաստան է եկել նաեւ Ակսենտովիչի համար (տեսանյութ)

Մշակույթ
slug-19601

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է աշխարհահռչակ լեհ ջազ դաշնակահար և երգահան Լեշեկ Մոժջերի մենահամերգը։ Երգահանը առաջին անգամ է մենահամերգով հանդես գալիս Հայաստանում և ընդամենը մի քանի ժամ է, ինչ գտնվում է Երևանում։ Համերգի ընթացքում դաշնակահարի կողմից հնչելու են Բախի, Շոպենի, Կոմեդայի և այլ հայտնի երգահանների ստեղծագործություններ՝ ջազային մեկնաբանությամբ, ինչպես նաև հենց Լեշեկ Մոժջերի կողմից հեղինակած մի քանի գործեր։ «Ես ամեն օր փորձում եմ ինքս իմ ներքինը կատարելագործել, զարգացնել և իմ ունակությունները բարելավել, որպեսզի այդ կատարելությամբ կիսվեմ արդեն իմ հանդիսատեսի հետ»,-ասաց նա։ Դաշնակահարը նշեց նաև, որ իրեն շատ է ուրախացնում այն հանգամանքը, երբ դասական համերգներին տեսնում է օրըստօրե շատացող հանդիսատեսի. «Եթե մարդիկ գնում են իմ համերգների տոմսերը և գալիս են ինձ ունկնդրելու, ապա նշանակում է, որ ինչ-որ բան են ուզում ինձանից քաղել։ Ես գտնում եմ, որ երաժշտությամբ զբաղվելը տիեզերական գործունեություն է, քանի որ երաժշտությունը հենց ինքը տիեզերական երևույթ է»։ «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ինպես հղացավ հենց Հայաստանում մենահամերգ ունենալու միտքը, դաշնակահարը պատասխանեց. «Ես հրավեր ստացա Սոպոտի արվեստի պետական պատկերասրահից, որտեղ իմ իրերից շատերն են պահպանում, և բացի այդ էլ, երբևէ Հայաստանում չեմ եղել , այդ իսկ պատճառով մեծ գոհունակությամբ ընդունեցի հրավերը և իհարկե շատ ուրախ եմ, որ առիթ կունենամ տեսնելու հռչակավոր գեղանկարիչ Ակսենտովիչի աշխատանքները, որոնք նախկինում չեմ տեսել»։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում երաժիշտը համագործակցել է բազմաթիվ օտարերկրյա երաժիշտների հետ և համերգներով հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում։