Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաշխարհային պրեմիերաներ՝ Տերտերյան ֆեստում

Մշակույթ
ֆեստ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը՝ Տերտերյան ֆեստը, որը նվիրված էր հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը տարբերվում է մյուս փառատոներից, քանի որ ունի նեղ մասնագիտական ուղղվածություն և բարդ դասական արվեստ է քարոզում. «Մենք փորձում ենք ավելի շատ կատարել ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները և ակտիվություն ստեղծել այդ մարդկանց շուրջ։ Տերտերյանն ընդունված ու սիրված կոմպոզիտոր է աշխարհում։ Գերմանիայում նրա գործերը հաճախ են կատարվում, իսկ Գերմանիան այն երկրներից է, որտեղ ամենաշատն է գնահատվում դասական երաժշտությունը»։ 2015թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կրելու է Էդգար Հովհաննիսյանի անունը։ Փառատոնի փակման արարողությանը տեղի ունեցան Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ։ Ծրագրում հնչեցին՝ «Ութ շեփորների կոչնակ», «Փառատոն է» (խմբերգ ակապելլա երգչախմբի համար), Սիմֆոնիկ 4 պատկեր, Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 5։ Ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Հակոբ Խալաթյանը (քամանչա), «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Դիրիժորներ՝ Սոնա Հովհաննիսյան, Սերգեյ Սմբատյան։ Փառատոնի փակման համերգը նվիրված էր հայ անվանի նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանին։