Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկայինի ֆիզիկական ագրեսիան՝ «Անտարես»-ում (տեսանյութ)

Հասարակություն
Armen_Martirosyan

Երեկ ֆինանսների նախարարության հարկային ծառայության աշխատակիցներն «Անտարես» հրատարակչությունում հարձակվել են հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի եւ փաստաբան Տիգրան Եգորյանի վրա։ Նրանք նույնիսկ իրենց վկայականները ցույց չեն տվել, ասել են, որ օպերատիվ հետախույզներ են։ Նրանք ներկայացել են քաղվածքով, ըստ որի՝ իրավունք ունեն զննել «Անտարես» հրատարակչությունը։ Քաղվածքում որեւէ հղում չի եղել որեւէ օրենքի որեւէ կետի, այսինքն՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պարտավոր չէ ոչ միայն որեւէ փաստաթուղթ տրամադրել նրանց, այլեւ նույնիսկ լսել. «Ասում են՝ մեզ տվեք փաստաթղթերը։ Ասում եմ՝ գրավոր գրեք՝ մենք տանք։ Ասում ա՝ չէ, գրավոր չեմ գրելու, բանավոր եմ գրելու»։ Արմեն Մարտիրոսյանը հասկացել է՝ գործ ունի փողոցայինների հետ, որոնք իրենց պատվից ցածր են համարում ձեռքը գրիչ վերցնելը։ Այնուհետեւ եկել է փաստաբան Տիգրան Եգորյանը, որն անմիջապես միացրել է ձայնագրիչը. «Դա ավելի զայրացրեց, քանի որ էս մարդիկ փողոցային լեզվից էն կողմ ոչ մի բան չեն հասկանում, չեն ընկալում։ Նրանք արդեն հաթաթայի մակարդակով էին խոսում։ Տիգրան Եգորյանին ասել են՝ այ ջահել, դու հլը կտեսնես ինչ կլինի քո հետ, հլը մի հատ դուրս արի փողոց, տեսնեմ էդ ի՞նչ ես խոսում»։ Այնուհետեւ հարկային օպերատիվ հետախուզության աշխատակիցները հարձակվել են Տիգրան Եգորյանի վրա, հարվածել եւ խլել ձայնագրիչը, մաքրել ամբողջ զրույցը որն արձանագրվել է, որից հետո տեղի է ունեցել քաշքշուկ։ Արմեն Մարտիրոսյանին զարմացրել է ազատությունը, որն իրենց թույլ են տվել առանց օրինական փաստաթղթի ժամանած հարկայինները. «Նրանք վերցնում էին փաստաթղթեր սեղանիցս, դնում էին նայում էին ասում ա՝ էս ա նայում եմ, ի՞նչ պիտի անես։ Ասեցի ոստիկանություն պիտի զանգեմ, որովհետեւ առանց օրենքի առանց օրենքի տառը պաշտպանելու նման բաներ ես անում»։ Իմանալով, որ հրատարակչություն են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողները, հարկայիններն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, փախել են, հետո եկել է ոստիկանությունը։ Այսօր համապատասխան հայտարարություն կտրվի. «Էդ մարդիկ գիրք չեն կարդացել, նրանք չունեն ոչ մի մշակութային արժեք, ցավում եմ, որ էդպիսի մարդիկ են մեր պետության ֆինանսների ոլորտում աշխատում»։ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը Ա1+ին տեղեկացրել է՝ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է քաղվածքը ներկայացնելով։ Այցի ընթացքում հարկային տեսուչների եւ աշխատակիցների բախման մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, տեսուչներն ընդամենը փորձել են ճշտել՝ արդյո՞ք սեղանին դրված ձայնագրիչը ձայնագրում է, թե ոչ, վերցրել են ձայնագրիչը եւ դրել նույն տեղում։