Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու էր քաղաքապետարանն ապամոնտաժել «ՍՊՍ Սիգարոն»-ի ցուցանակները

Հասարակություն
index2

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետարանը խոչընդոտում է ընկերության գործունեությունը և քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները որակել է որպես ապօրինի: Վերը նշվածի կապակցությամբ քաղաքապետարանը տեղեկացնում է. Երևան քաղաքում գովազդային դաշտը կարգավորվում է «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ ու համապատասխան այլ օրենսդրական ակտերով։ Ըստ այդմ. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։ Օրենքը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում գովազդի որոշ տեսակների, մասնավորապես ծխախոտի վերաբերյալ, որի գովազդն արգելված է ՀՀ–ում։ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված է նաև «հովանոցային գովազդ» հասկացությունը, որն այս պարագայում նույնպես արգելվում է։ Նշենք, որ «Հովանոցային» գովազդը այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊ ընկերության տնօրինությունը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը բազմիցս բանավոր հարցում է կատարել «Սիգարոն» բովանդակությամբ գովազդ տեղադրելու հետ կապված և մերժվել է ՝ ստանալով մանրամասն պարզաբանումներ մերժման հիմքերի մասին։ Որպես մերժման հիմք ներկայացվել է նաև հանգամանքը, որ «ՍՊՍ Սիգարոն» անվանումը շփոթելու աստիճանի նման է «Սիգարոն» ծխախոտի անվանմանը և, ըստ էության, հանդիսանում է հովանոցային գովազդի դասական օրինակ։ Ընկերության տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում ստացվում է, որ պետք է թույլատրել նաև ասենք «Մարլբորո» անվանումով ցանկացած խանութ, որտեղ ծխախոտից բացի կարող է վաճառվել ցանկացած այլ ապրանք ևս։ Օրենքը հենց այս դեպքերը հաշվի առնելով էլ սահմանել է հովանոցային գովազդ հասկացությունը: Ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդ տեղադրելու կարգը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ արտաքին գովազդ տեղադրելուց առաջ տնտեսվարողները համապատասխան վարչական շրջանի ղեկավարից պետք է ստանան թույլտվություն ։ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊՆ–ն փոստացի անտեսել է նաև ավագանու որոշման այս պահանջը և առանց համապատասխան թույտվության տեղադրել է արտաքին գովազդ, ուստի այս հիմքով նույնպես տեղադրված գովազդն ապօրինի է ճանաչվել։ Նշենք, որ ապօրինի տեղադրված գովազդային միջոցի հայտնաբերման դեպքում կազմվում է վարչական արձանագրություն և օրենքով սահմանված կարգով այն ապամոնտաժվում է: Ի դեպ, նախկինում նույն վայրում տեղադրված «Սիգարոն» գովազդն ապամոնտաժելու համար ընկերությունը գրավոր ծանուցվել է, որի արդյունքում հին գովազդային միջոցը ընկերության իսկ ուժերով ապամոնտաժվել է։ Այնուհետ, սակայն, «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը, հաշվի չառնելով ծանուցման մեջ նշված հիմնավորումները, առանց համապատասխան թույլտվության հին գովազդային միջոցի փոխարեն տեղադրել է նորը՝ իր քայլը հիմնավորելով որպես ՀՀ կառավարության 217-Ն որոշմամբ սահմանված ցուցանակի տեղադրում։ Վերոնշյալ արարքը դիտարկելով որպես օրենքը շրջանցելու միջոց , այն կանխվել է Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների ուժերով։ Նույն օրը ընկերությունը ծանուցվել է վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ, որի շրջանակում ընկերության ներկայացուցիչները կարող են տալ պարզաբանումներ իրենց կատարած գործողությունների վերաբերյալ։ Վարչական վարույթի արդյունքում կկազմվի վարչական ակտ, որը ենթակա է կատարման: Այն վերադասության կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ վարչական դատարանում։ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի իրավաբան Լեռնիկ Հովհաննիսյանը «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում պատմում է, որ Կենտրոն համայնքի առևտրի և գովազդի վարչության գլխավոր մասնագետ Հովսեփյան Կարենը և քաղաքապետարանի անունից ներկայացած անձը ապամոնտաժել են իրենց ընկերության հայերեն և անգլերեն տառերով գրված ցուցանակները, սակայն առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու՝ իրենց հետ բերելով տեխնիկա և չորս բանվոր՝ ապամոնտաժումը իրականացնելու համար։ «Պատճառաբանեցին, որ տեղեկատվական վահանակը, որտեղ ընկերության անունն է գրված, իրենք դիտում են որպես հովանոցային գովազդ և գովազդի մասին օրենքի 15-րդ հոդվածի խախտում։ Ես մի քանի անգամ ասացի, որ համապատասխան փաստաթուղթ պետք է ունենաք այցելելու, և առավել ևս ապամոնտաժման աշխատանքներ կատարելու համար , և դա այն դեպքում, երբ այդ հարցերով լիազոր անձը միայն Երևանի քաղաքապետն է և առանց նրա որոշման որևէ գործողություն, առավել ևս ապամոնտաժման աշխատանքներ չեն կարող իրականացնել»,-ասաց իրավաբանը։ Պարոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դեռևս հոկտեմբեր ամսին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը իրենց նամակ է ուղարկել, որտեղ նշված էր, որ այն գրառումը, որը առկա է ընկերության խանութի վերևի մասում, չի համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին և պետք է փոխել։ «Ընկերությունում քննարկեցինք այդ հարցը՝ իրենց պահանջը օրինական է, և իրենց տեղեկացնելուց հետո կարճ ժամանակ անց փոխեցինք»։ Իրավաբանի խոսքերով՝ վարչական տուգանքի ենթարկելու արձանագրությունը պետք է կազմվեր իրենց ներկայությամբ. «Նրանք բացառապես մի բան են ասում, որ պետի հրամանն է , բայց պետի անունը չեն ասում , կոնկրետ ով է այդ պետը , իսկ իրենց պետի հրամանը իրավական ակտ չի կարող հանդիսանալ մեզ համար ։ Նրանք պետք է ներկայացնեին Երևանի քաղաքապետի որոշումը ։ Ես վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն փաստել, որ այդ ամենը եղել է ապօրինի գործողություն։ Մեր ցուցանակները հանել-գցել են գետնին, ու թողել են գնացել, նույնիսկ մեզ չեն հանձնել, էդ կարգի անօրինականություն ով ա տեսել»։