Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դերասանը մեծ պարտք է կուտակել

Հասարակություն
1540386_631161293588135_953996043_o-1

3 ամիս առաջ երիտասարդ դերասան Հովհաննես Դավթյանը ներկայացրեց իր հերթական հեղինակային «Անքնություն» սթենդ ափ կատակերգությունը։ «Երկար խմորումների արդյունքում հասունացավ պահը, որ արդեն գործը թատրոն պետք է հասցնեինք»,-ասում է դերասանը։ Դեկտեմբերի 14-ին էլ կլինի այս տարվա վերջին ներկայացումը Տիկնիկային թատրոնում։ «Սկսվում է անքնության մասին մտորումներով, և դա հորինված բան չէ։ Ես իրականում ունեմ այդ խնդիրը։ Այդ համատեքստով արծարծվում են մի շարք թեմաներ։ Իմ ձգտումների, երազանքների ու նաև մարդկանց մոտ տեսնելով բազմաթիվ սոցիալական խնդիրներ՝ հասել եմ անքնության»,-պատմում է Հովհաննեսը։ Ներկայացման ավարտին անդրադարձ է կատարվում արտագաղթի թեմային։ «Ակտուալ թեմաների մասին է խոսվում, մեծ մասը՝ սոցիալական։ Սկսած ժավելի սպիրտ վաճառող կնոջից, եհովայի վկաների քարոզներից մինչև կոմայգում կանգնող տղաներ»,-ասում է դերասանը։ Հարցին, թե կա՞ արդյոք սահման, որը դերասանը չի անցնի՝ քաղաքականությանն անդրադառնալիս, ասում է. «Այո, սահման կա, որը չեմ անցնի, քանի որ ուզում եմ դեռ շարունակել ներկայացումներս»։ Երիտասարդ դերասանը չի սիրում պարզ հումոր, նախընտրում է տրագիկոմեդիա ժանրը և գրեթե ամեն ներկայացման վերջում, երկար ծիծաղեցնելուց հետո հանդիսատեսի աչքերից արցունքներ է կորզում և ուզում է, որ ամեն ներկայացում մտածելու տեղիք տա մարդկանց, հետք թողնի նրանց սրտերում։ «Մարդը ծիծաղում է անդադար, բայց մի պահ սթափվում ու հասկանում է, որ ինքն իր վրա է ծիծաղում, կամ իր բարեկամի, ընկերոջ, և ներկայացվող խնդիրներն ընդհանուր են ու պետք է շտկել դրանք»,-ասում է։ Ներկայացման հովանավորներ դերասանը չունի. «Դրա պատճառով արդեն մեծ պարտք եմ կուտակել»,-ասում է նա։ 12 տարի թատրոնում է աշխատել, այժմ սերիալում է նկարահանվում, իսկ ներկայացումները միայն ակումբային տարբերակով են՝ որոշ բացառություններով։ Հովհաննեսը նշում է. «Նույնիսկ ժողովրդական արտիստներն այնքան չնչին աշխատավարձ են ստանում, իմ իմանալով 250, 300 դոլարի չափով, որով, բնականաբար, հնարավոր չի տուն պահել» ։ Վերջում էլ դերասանն ավելացնում է. «Անքնությունս դեռ չի անցել, ավելի է խորացել...»։