Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԻ ԲԱԽՏ - 1990-1993-ԻՆ ՀԱՅԵՐԻՆ 2 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՎԱՏ ԷՐ...

Տնտեսություն

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցավ «Տնտեսական վերափոխումների փորձը եւ հեռանկարները» թեմայով կլոր սեղան: Մասնակցում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, մասնագետներ, Հայաստանում միջազգային կազմակերպությունների, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Գոհար Մինասյանը ներկայացրեց ՀՀ անցումային շրջանի վիճակագրական մի շարք տվյալներ: «1990-1993 թթ. Հայաստանի տնտեսական անկումը ԱՊՀ երկրների ցուցանիշները գերազանցեց ավելի քան երկու անգամ, պատճառներից էին նաեւ պատերազմական վիճակը, երկրաշարժի հետեւանքների առկայությունը եւ այլն», - ասաց նա:

Տնտեսական վերափոխումների ոլորտում պետության քաղաքականությանն անդրադարձան ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանն ու ՀՀ վարչապետի խորհրդական Արարատ Գոմցյանը: Ըստ Գոմցյանի, «1991-1997 թթ. կառավարությունը գրեթե ամբողջությամբ ուշադրությունը մայրաքաղաքին էր դարձնում, որից տուժում էին մարզերը: Այսօր կառավարությունը լուրջ քայլեր է անում համահարթեցման ուղղությամբ»:
Ս.Ավետիսյանի հավաստմամբ, պետությունը մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսությանը, միայն վերջին տարում 41,6 միլիարդի աջակցություն է ցույց տվել գյուղացուն: