Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀԿ խմբակցությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
5031b8925682540a28a341638d7fafe6

ԵՏՄ պայմանագրին միանալով` ՀՀ անկախությունը դրվում է լրջագույն հարվածի տակ: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ մեր քաղաքական էլիտան միջազգային ամբիոններից անկախությունը մսխելու, քաղաքական հովանավորություն մուրալու քաղաքականություն է վարում. «Իշխանություններն ամեն ինչ արեցին, որ քաղաքացին ատի իր անկախությունը: Երբ տնավեր են արել ՀՀ քաղաքացուն, հիմա իմաստուն դեմքով դրա անունը դնում են ռեալ պոլիտիկ: Գործող քաղաքական էլիտան իրապես ինքնիշխան պետություն ունենալու կամք չունի, այլ ոչ թե հնարավորություն: Միջազգային հանդիպումներում ՀՀ ներկայացուցիչները նվնվում են, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան մերն է: Մինչդեռ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գիտի, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի անձնական բյուջեն ավելի մեծ է, քան պետական բյուջեն»: Ըստ նրա` մի մեծ սուտ կա ԵՏՄ` ՀՀ միանալու պայմանագրի մասին. «Իշխանությունները ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է, մինչդեռ սա մեկուսացման պրոցես է: Ադրբեջանն ու Թուրքիան միշտ վարել են մեկուսացնելու քաղաքականություն: Եթե նրանք մեզ մեկուսացնում են արեւմուտքից, ԵՏՄ-ն` Հյուսիսից եւ Հարավից` էապես խորացնելու հնարավորություն չտալով Վրաստանի եւ Իրանի հետ: «Քաղաքացիական պայմանագիրը», որի անդամ եմ նաեւ ես, կարծում ենք, որ պետք է երկու հարեւանների հետ խորացնել հարաբերությունները: Մինչդեռ ԵՏՄ-ի հետ պայմանագրով մենք չենք կարողանալու իրանական գազի համար տարանցիկ ճանապարհ դառնալ: Դա այն ծրագիրն է, որ տնտեսապես կարող էր ամրապնդել ՀՀ-ին: Սրան միանշանակ դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացավ նաեւ ԵՏՄ-ն»: Պատգամավորի կարծիքով` ԵՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ-ն կորցնում է իր ռազմավարական մոտիվացիաները ու ԵՏՄ տարածքում դառնալու է խղճուկ մի տնվոր. «Կարող է տեղի ունենալ սարսափելի մի բան` եթե նախկինում վերմակ-դոշակ ունեցողներն էին արտագաղթում, հիմա` արտադրամասներն են տանում: ԵՏՄ-ի պայմանագրով դեմոգրաֆիական խնդիրներ են առաջանալու: Ես դեմ եմ, ոչ թե որ չեմ սիրում ՌԴ-ին, այլ կողմ եմ մեր ինքնիշխանությանը: Ես դեմ եմ ԵՏՄ-ին ու պատրաստ եմ պայքարելու մեր ապագայի համար: Այստեղ մենք ուրախանում ենք, թե ԵՏՄ անդամակցելով մեծ արտոնություն ենք ունեցել, որ շաքարավազ ներմուծելու համար մաքսատուրք չենք վճարելու, ինչի համար շնորհավորում եմ ՀՀԿ խմբակցությանը»: