Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հավանություն է տվել «Պետբյուջե-2015» նախագծին

Քաղաքականություն
unnamed315

Վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը շնորհավորել է ներկաներին հեռուստամարաթոնի անցկացման առթիվ` կարևորելով յուրաքանչյուր հայի ոչ միայն նյութական, այլև բարոյական աջակցությունը հայրենիքում իրագործվող ծրագրերին: Նա կոչ է արել գերատեսչությունների ղեկավարներին` բոլոր աշխատակիցներին ներգրավել համազգային դրամահավաքին, որն ուղղված է հանրապետության ենթակառուցվածքների, դպրոցաշինության և այլ ոլորտների զարգացմանը: Նիստում գործադիր մարմինը քննարկել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը: Նա ընդգծել է, որ նախագիծը մշակելիս առաջնորդվել են նախագահի նախընտրական, կառավարության 2012-17թթ գործունեության, ինչպես նաև 2014-2016թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերով ամրագրված սկզբունքներով: Ս. Թևոսյանը նշել է, որ 2015 թվականի համար համախառն ներքին արդյունքի ծավալը նախանշվում է 212.3 մլրդ դրամի չափով` 9.0 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում` 2015թ.համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 83մլրդ 246 մլն, ծախսերի գծով` 88 մլրդ 127 մլն դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 4 մլրդ 881 մլն դրամ` համախառն ներքին արդյունքի 2.3 տոկոսի չափով: Պետական բյուջեի սեփական մուտքերը ծրագրվել են 36.8 մլրդ դրամի չափով, այսինքն` աճը 2014 թվականի համար պլանավորված եկամուտների նկատմամբ կկազմի 9.9 տոկոս (ավելացում` 3.3 մլրդ դրամ): Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2015թ. կկազմի մոտ 45,518.7 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1,828.6 մլն դրամով (4.2 տոկոսով): ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ` 2015թ. բյուջեի նախագիծը հստակ սոցիալական ուղղվածություն ունի. միայն սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսված են ավելի քան 22մլրդ դրամ` ընթացիկ տարվա 19 մլրդ 700 մլն դրամի փոխարեն: Կառավարությունը շարունակելու է որդեգրած աշխատավարձային քաղաքականությունը. գալիք տարվա հուլիսի 1-ից հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով` 50 հազարի փոխարեն կազմելով 55 հազար դրամ: Գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի մոտ 3 մլրդ 600 մլն դրամ, որը կազմում է պետական բյուջեի ծախսերի 4.1 տոկոսը: Նախատեսվում է կատարել 9.0 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: Կապիտալ շինարարության ծախսերրը կրճատվել են, սակայն, կառավարության ղեկավարի խոսքով` ֆինանսական այլ աղբյուրներից բնակարանաշինության ոլորտում ծրագրեր կիրականացվեն` գալիք տարվանից հանրապետությունում առանձին խմբերի քաղաքացիների համար հիպոթեքային նոր ծրագրերի մեկնարկն ապահովելու համար: 2015թ. բյուջեով գումարներ են նախատեսվում նաև նոր ծրագրերի համար. այսպես` կանոնավոր ուղևորափոխադրումներում տոմսերի գործող և փաստացի արժեքի տարբերության հատուցման համար կհատկացվի 10 մլն դրամ, իսկ 2015 թվականի մարդահամարի կազմակերպման համար` 250 մլն դրամ: 2015 թվականի հունվարի 1-ից կրկնակի չափով կբարձրացվեն Արցախի պաշտպանության ժամանակ մարտա­կան գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականություն­ների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին տրվող պետական նպաստի չափերը՝ սահմանելով այն 42 հազ. դրամ` ներկայիս 21 հազ. դրամի փոխարեն: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը կբարձրացվեն 40 տոկոսով՝ սահմանելով այն 42 հազ. դրամ` գործող 30 հազ. դրամի փոխարեն: 2015 թվականին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ կկրկնապատկվեն պատերազմի անմիջական մասնակիցներին ու զոհվածների այրիներին վճարվող միանվագ դրամական օգնության չափերը. դրանք կկազմեն 100 հազ. դրամ` գործող 50 հազ. դրամի դիմաց, իսկ հավասարեցված անձանց համար` 50 հազ. դրամ` գործող 25 հազ. դրամի դիմաց։ Միաժամանակ նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի ամսական չափը սահմանել 35 հազ. դրամ` ներկայիս 25 հազ. դրամի փոխարեն: Վարչապետի խոսքով, երկրի գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ակնկալվող 9 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալու 2014թ-ի համեմատ բյուջեի եկամուտները ավելացնել 6.5, ծախսերը` 7.9 տոկոսով: Առողջապահական համակարգի ծախսերը նախատեսվել են 5 մլրդ 750 մլն դրամի չափով, որը գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը 13.8 տոկոսով: Ավելացել են նաև կրթության և գիտության, մշակույթի ոլորտներին հատկացվելիք գումարները: Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ ըստ առանձին ոլորտների հատկացումները միտված են երկրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի շարունակական զարգացմանը: Բյուջեի քննարկումից հետո գործադիր մարմնի հավանությանն են արժանացել առողջապահական պետական նպատակային տարեկան ծրագիրը, հաշմանդամների սոցիալական պաշտպանության, զբաղվածության կարգավորման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2015 թ. ծրագրերն ու դրանց շրջանակներում նախատեսված միջոցառումները: