Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»

Հասարակություն
shirak

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ «Շիրակ կենտրոնի» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ձեռնարկը գնալով ավելի լայն արձագանք է գտնում: Ի տարբերություն նախորդ տարիների, դրան արդեն միացել են ոչ միայն արտերկում բնակվող մեր հայրենակիցներն ու բարեգործական կազմակերպությունները, այլ նաև տեղական իշխանությունները: Ձմռան վառելափայտի սուղ կարիք ունեցող, ժամանակավոր կացարաններում բնակվող մոտ 1500 ընտանիքների ցուցակ կա մեր ձեռքին: Անցած մեկ ամսվա ընթացքում նրանցից 150-ին կարողացել ենք տրամադրել մեկ-մեկուկես ամսվա վառելափայտ: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ու կամավորները յուրաքանչյուր օր 5-ից 7 խորհանարդ մետր վառելափայտ պարկերով բաժանում են վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Ընդհանուր առմամբ դրա մեկ օրվա ծախսը կազմում է մոտ 150.000 ՀՀ դրամ: Նշենք, որ ևս 100 ընտանիքի էլ ծառերի էտումից առաջացած փայտ է տրամադրվել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից: Հատուկ ուզում եմ նշել, որ «Շիրակ կենտրոնի» այս բարեգործական ձեռնարկին պարբերաբար աջակցություն են ցուցաբերում գյումրեցի ուսանողները: Այս պահին «Շիրակ կենտրոնն» ունի միջոցներ և պահեստավորված վառելափայտ առաջիկա 8-10 օրերի համար, սակայն համոզված եմ, որ նախաձեռնությանը կմիանան ու կաջակցեն նոր մարդիկ և կազմակերպություններ, ինչի շնորհիվ կկարողանանք համատեղ թեթևացնել խարխուլ վագոն-տնակներում պատսպարված ավելի շատ ընտանիքների բեռը: Եվ վերջում մի խնդրանք բոլորին՝ թե՛ լրագրողներին, թե՛ հասարակական, թե՛ միջազգային կազմակերպություններին: «Շիրակ կենտրոնն» ամբողջովին ընդգրկված է այս ձեռնարկի կազմակերպչական աշխատանքներում և առաջիկա առնվազն երեք ամիսների ընթացքում ֆիզիկապես հնարավորություն չունենք մասնակցելու որևէ միջոցառման: Ավելին, ես անձամբ ամեն օր մասնակցում եմ վառելափայտի տրամադրմանը, այցելելով յուրաքանչյուր անօթևան ընտանիքի կացարան: Հավատացե՛ք, մեր այցերը միայն ջեռուցման միջոց տրամադրելու նպատակ չեն հետապնդում: Թակելով վաղուց հյուրեր չունեցած և ինքնամեկուսացված կյանքով ապրող մարդկանց կացարանների դռները, նրանց հետ զրուցելով, հոգսերին ծանոթանալով և մեր կարողության սահմաններում խորհրդատվություն տրամադրելով, կարծես մի փոքր հույս ենք արթնացնում նրանց մեջ: Այդ իսկ նպատակով նաև լրագրողներին, հասարակական կազմակերպությունների ու անգամ կուսակցությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում պարբերաբար այցելել տնակային ավանների բնակիչներին: Իսկ ես հաստատ որոշել եմ՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում բոլոր գործնական հանդիպումներս, ինչպես նաև հարցազրույցներս լրագրողների հետ անցկացնել միմիայն տնակային ավաններում: Վահան Թումասյան